«Ես առաջարկում եմ և՛ Առաջին, և՛ Երրորդ նախագահներին՝ միասնական պայքարել այս իշխանության դեմ». Ռոբերտ Քոչարյան

«Մենք հակառակորդի հետ չենք կռվում, մենք մեր ժողովրդին պետք է համոզենք՝ ինչի ենք ընդունակ, ինչ ենք անելու, ինչ կարելի է սպասել մեզանից, և ունեմ համոզմունք, որ ստացվելու է մեզ մոտ»,- «Հայրենիք» դաշինքի հուշագրի ստորագրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցի, թե Երկրորդ նախագահի համար դիսկոմֆորտ չէ՞ Փաշինյանի նման հակառակորդ ունենալը:

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ համագործակցել է 17 կուսակցությունների հետ. «Անձամբ չենք մասնակցել միջոցառումների, բայց համագործակցել եմ»:

Երկրորդ նախագահը խորհուրդ տվեց նայել դեպի ապագա. «Կան ընտրություններ, և կա նպատակ՝ այդ ընտրությունները կրելու: Այս բառը ևս հատուկ օգտագործեցի»:

Ռոբերտ Քոչարյանը նաև պատասխանեց հարցին, թե ինչո՞ւ երեք նախագահներով միասնական չեն պայքարում: «Ի՞նչ եք հասկանում՝ միասնական պայքարելու տակ, դա անպայման դաշինք ձևավորե՞լն է: Ես առաջարկում եմ, այո, և՛ Առաջին, և՛ Երրորդ նախագահներին՝ միասնական պայքարել այս իշխանության դեմ, պայքարել ամեն օր, և եթե մտադրված ենք պայքարել, ուրեմն՝ հաջողության հասնելու ենք, սա բոլորի հաջողությունը կլինի: Միասնական դաշինք ձևավորելը-չձևավորելը ուղղակի այդ պայքարի տեխնիկաներից մեկն է, ես որոշել եմ ընտրությունների գնալ այս ձևաչափով: Միայն կողջունեմ, եթե նաև իրենք ամբողջությամբ, ամբողջ թափով, կարողություններով մտնեն պայքարի մեջ, և այս պայքարը ունի երկու բաղադրիչ՝ մեկը՝ պայքար այս կործանարար իշխանության դեմ, մյուսը՝ այո, պայքար նաև իշխանության համար: Կարելի է պայքարել առաջին բաղադրիչով, չպայքարել՝ երկրորդով, բայց նա, ով չի պայքարում այսօր առաջին բաղադրիչով, ուղղակի դասալքություն է ցուցադրում: Սա եմ համարում երկրի շահին ծառայելը»:

Լրագրողի հարցին՝ ունե՞ն պլան բ, եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի ընտրություններում, ի՞նչ են անելու, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Ինձ թվում էր՝ դուք օպտիմիստ եք: Նույնիսկ ամենից վատ երազում ամենից անհուսալի պեսիմիստը այսօր չի մտածում, որ այս իշխանությունը կարող է վերարտադրվել: Ես դա ռեալիստորեն եմ ասում»:

Տեսանյութեր

Լրահոս