«Երբևէ բուհական համակարգն այսքան քաղաքականացված և իշխանություններից կախված չի եղել». Կառլեն Խաչատրյան
«Բոլոր բուհերը պետք է անցնեն 100 տոկոս ինքնակառավարման: Ի՞նչ է սա նշանակում, սա նշանակում է, որ բուհական ամբողջ ղեկավարությունը՝ սկսած ռեկտորից, ավարտած մյուս պաշտոնյաներով, պետք է ընտրվեն բացառապես բուհի ուսանողների և դասախոսական կազմի համընդհանուր քվեարկությամբ». 2018-ի ապրիլի կեսերին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի այս ելույթից անցել է 3 տարի: Այսօր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած գործադիր մարմինն այլ կերպ է մտածում՝ երկրում իրավիճակ է փոխվել, և e-draft.am կայքում քննարկման է դրվել մի նախագիծ, որի ընդունման դեպքում բուհում որոշումներ կայացնելու համար իշխանությանը անհրաժեշտ չի լինի բուհի ներկայացուցիչների համաձայնությունը:
«ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով առաջարկվում է փոփոխել բուհի Հոգաբարձուների խորհրդի թվակազմը՝ 20 հոգի, և սահմանել ներկայացվածության հետևյալ բաշխվածությունը՝ հիմնադրի կողմից՝ 55 տոկոս կամ 11 հոգի, պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` 10 տոկոս կամ 2 հոգի, բուհի պրոֆեսորադասախոսական կազմից՝ 10 տոկոս կամ 2 հոգի, ուսանողական համակազմի ներկայացուցիչներից՝ 25 տոկոս կամ 5 հոգի։ Ստացվում է, որ գործող իշխանությունը նախկին 50 տոկոսի փոխարեն՝ նախագծի ընդունման դեպքում բուհի Հոգաբարձուների խորհրդում կունենա 65 տոկոս ներկայացվածություն, որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ է 50+1 տոկոս: 168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչ, ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը պնդեց, որ այս որոշման նախագիծը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» դեռևս չընդունված և ՍԴ ուղարկված օրենքի շարունակությունն է:
«Նպատակը բուհերի բարձրագույն կառավարման մարմինը՝ Հոգաբարձուների խորհուրդը, իշխանությունների լիարժեք վերահսկողության տակ վերցնելն ու դրանով բուհերի ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունները կաշկանդելն է: Նախապատմությունը հիշենք. արդեն տևական ժամանակ է՝ ԿԳՄՍ նախարարությունն ամեն կերպ ձգտում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքն անցկացնել, բավականին քննարկումներ եղան, նույն բուհական համակարգն ընդվզեց, այդ թվում՝ նաև Հոգաբարձուների խորհրդում բուհերի և իշխանության ներկայացուցիչների ոչ համամասնորեն ներկայացվածության դեմ, այդուհանդերձ, հաշվի առնելով, որ ԱԺ-ում մեծամասնություն են կազմում իշխող կուսակցության անդամները, օրենքն ընդունվեց, բարեբախտաբար, նախագահը չստորագրեց՝ ուղարկելով ՍԴ, հիմա սա դրա տրամաբանական շարունակությունն է: Քանի որ օրենքով չստացվեց, ենթադրում եմ, որ նախարարությունը փորձում է եղած իրավակարգավորումների փոփոխությամբ հասնել իր նպատակին, իսկ փաստացի եղած իրավակարգավորումը Կառավարության համապատասխան որոշումն է, որն էլ ակնկալվում է փոխել: Դրանով ուղղակիորեն 65 %-ը՝ խորհրդի անդամների, լինելու են Կառավարության կամ լիազոր մարմնի՝ ԿԳՄՍՆ-ի ներկայացուցիչները»,-ասաց Խաչատրյանը:
Մեր հարցին, թե որքանո՞վ է այս նախագիծը նպաստում բուհերի «100 % ինքնակառավարման անցնելու» մասին Փաշինյանի խոստումներն իրականացնելուն, Խաչատրյանը պատասխանեց, որ զարմանալի չէ ստեղծված հակասությունը:
«Երբևէ բուհական համակարգն այսքան քաղաքականացված և իշխանություններից կախված չի եղել, որևէ իշխանության պարագայում: Եթե նայենք նախկինում Հոգաբարձուների խորհրդի կազմերը, հիմիկվա Հոգաբարձուների խորհրդի կազմերը, կտեսնենք քաղաքականացվածության բավական բարձր մակարդակ վերջին 1-2 տարիների ընթացքում: Ինչ վերաբերում է այդ պնդումներին, բնականաբար, այո, նմանատիպ քայլերով ուղղակիորեն իշխանությունը փորձելու է կախվածության մեջ դնել բուհերը, բուհի կառավարման մարմիններն իրենից, որովհետև, ի վերջո, իշխանությունը միայն Հոգաբարձուների խորհրդում հիմնական դերակատարում չի ստանձնում, այդ նույն Հոգաբարձուների խորհուրդն ընտրում է ռեկտոր, իսկ դա նշանակում է, որ իշխանության համար հարմար թեկնածուն է ընտրվելու ռեկտոր, և այսպես շարունակ: Բուհերի կառավարումն ուղղակիորեն կախված է լինելու իշխանություններից: Մեծ հաշվով զարմանալի չէ այդ հակասությունը, որովհետև ըստ էության իշխանությունները վերջին 3 տարվա ընթացքում ուղղակիորեն ցույց են տվել, որ մի բան հայտարարում են, տրամագծորեն հակառակ բանն անում, նույնն էլ այս հարցի առնչությամբ է, խոստանում էին կատարյալ ինքնակառավարում բուհի ներսում, բայց հիմա փաստացի տեսնում ենք, որ, օրինակ, դասախոսական համակազմից ընտրված ներկայացուցիչները Հոգաբարձուների խորհրդում 25 տոկոսի փոխարեն՝ կազմելու են ընդամենը 10 տոկոս»,- ասաց Խաչատրյանը:
Իսկ ինչո՞ւ է իշխող ուժի ներկայացվածությունն ավելանում ի հաշիվ հենց պրոֆեսորադասախոսական կազմի:
«Ուսանողների 25 տոկոս ներկայացվածությունն ամրագրված է թե՛այս պահին գործող օրենքով, թե՛ Բոլոնյան գործընթացում ներառված տարբեր հռչակագրերով, և այլն, հետևաբար՝ ուսանողական քվոտային ձեռք չեն տվել, չեն փորձել փոքրացնել, փոխարենը՝ կրճատվել է դասախոսական համակազմի ներկայացվածությունը, և դա ևս մեկ անգամ անկհայտորեն ցույց է տալիս, որ այս նախագիծը մեկ նպատակ է հետապնդում՝ ամեն գնով իշխանությունները փորձում են վերահսկողության տակ վերցնել Հոգաբարձուների խորհուրդը, այստեղ բովանդակային, կառուցվածքային կամ որևէ այլ հիմնավորում չկա»,- ասաց Խաչատրյանը:
ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչը նշեց, որ ներկայացված նախագիծը խնդրահարույց է նաև իրավական առումով:
«Իրավաբան չեմ, բայց իրավաբան գործընկերներս հիմնավորումներ են բերել, կարծեմ դրանք շրջանառվել են նաև մամուլում, որ այս որոշման նախագիծը, որը դրվել է շրջանառության մեջ, հակասություններ ունի ՀՀ Սահմանադրության հետ: Մեծ առումով թեև Կառավարության որոշման նախագիծ է դրվել շրջանառության մեջ, այն ակնհայտորեն իրավական խնդիրներ է պարունակում»: