
Ճապոնիայի առողջապահության նախարարությունը Moderna ընկերության պատվաստանյութի մասին որոշումը կընդունի մայիսի 20-ին

Ճապոնիայի առողջապահության նախարարության հանձնաժողովը մայիսի 20-ի նիստում կարող է որոշում ընդունել այն մասին, թե արժե արդյոք հավանություն տալ COVID-19-ի դեմ Moderna ընկերության պատվաստանյութի օգտագործմանը: Այդ մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով կառավարական աղբյուրների:
Moderna ընկերության ճապոնական գործընկերը՝ Takeda Pharmaceutical Co.-ն, մարտի 5-ին հաղորդել էր, որ առողջապահության նախարարությանը հայտ է ներկայացրել պատվաստանյութի ներմուծմանը եւ տարածմանը հավանություն տալու վերաբերյալ:
Եթե Ճապոնիայի առողջապահության նախարարության հանձնաժողովը հավանություն տա Moderna-ի պատվաստանյութի օգտագործմանը, ապա արդեն հաջորդ օրը՝ մայիսի 21-ին, առողջապահության նախարար Նորիհիսա Համուրան կարող է հրապարակել դրա կիրառման պաշտոնական թույլտվությունը:
Ճապոնիան Moderna ընկերության հետ համաձայնագիր է կնքել պատվաստանյութի 50 մլն չափաբաժին մատակարարելու շուրջ, ինչը բավարար է երկրի ամբողջ բնակչության մեկ հինգերորդ մասին պատվաստելու համար:
Moderna-ի պատվաստանյութի օգտագործմանը հավանություն տալը կօգնի երկրում իմունացման ծրագրի ծավալումն արագացնել Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի նախաշեմին: Ճապոնիան պատվաստման իր ծրագիրն սկսել է փետրվարի կեսերին:
Ներկայում այստեղ ներարկում է ստացել բնակչության 1 տոկոսից փոքր-ինչ ավելին: Ավելի վաղ երկիրը պատվաստանյութի մատակարարման պարտավորագրեր է ստորագրել Pfizer-ի, AstraZeneca-ի եւ Moderna-ի հետ:
Այսօրվա դրությամբ հավաստագրում է անցել Pfizer-ի պատվաստանյութը: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ COVID-19-ի համավարակի ժամանակ երկրոմւմ վարակվել է 576 հազար 870 մարդ, մահացել է ավելի քան 10 հազարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: