Պապիկյանի նախարարությանը տրվել է մի թույլտվություն, որին դեմ է Ֆիննախը՝ չարաշահումների վտանգի պատճառով

Նախորդ իշխանությանը համատարած կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մեջ մեղադրող, բայց պաշտոնավարման 3 տարիների ընթացքում կոռուպցիոն գործարքներ  չբացահայտած Կառավարությունը հերթական որոշումն է կայացրել մեկ անձից գնում կատարելու վերաբերյալ։

Ի տարբերություն նախորդ նման որոշումների՝ այս անգամ Կառավարությունն ընդունել է  այնպիսի որոշում, որով թույլատրել է Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությանը՝ ամեն տարի իրականացնել մեկ անձից գնում՝ միևնույն միջոցառման համար։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է ԳառնիԳեղարդ զբոսաշրջային երթուղու հետ կապված խնդիրների լուծման միջոցառումներին, որոնց վերաբերյալ Կառավարությունը թույլատրել է Հ3, Երևան-Գառնի-Գեղարդ ավտոմոբիլային ճանապարհի  սողանքային կմ 15+000-կմ16+800 հատվածի անցանելիության ապահովման ամենամյա աշխատանքները յուրաքանչյուր տարի մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք բերել։

Մեկ անձից գնումը Կառավարությունը  պայմանավորել է հրատապությամբ, նաև նշել, թե հնարավոր չէ շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամկետը որոշել, դրա համար էլ պետք է գնումն ամեն տարի կատարվի մեկ անձից։

Կառավարության այս պատճառաբանությանն առարկել է Ֆինանսների նախարարությունը և հայտնել, որ միայն ժամկետի որոշման անհնարինության հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ գնման գործընթացը հրատապության հիմքով մեկ անձից կատարելու համար։

Ֆինանսների նախարարությունից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքերի նախարարությանը հիշեցրել են, որ մեկ անձից գնումը նախատեսված է իրականացնել արտակարգ կամ չնախատեսված իրավիճակի դեպքում, իսկ միևնույն ճանապարհի շինարարական աշխատանքն այդ դեպքը չէ։

Ֆիննախից նաև հայտնել են որ շինաշխատանքների համար հնարավոր է գնման մրցակցային ձևով կնքել պայմանագիր՝ նախատեսելով, որ աշխատանքները կապալառուի կողմից կկատարվեն նման անհրաժեշտությունն առաջանալու պարագայում՝ պայմանագրով սահմանված ժամկետներում:

Ֆինանսների նախարարությունն իր առարկության մեջ նաև ընդգծել է, որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների կամ բնական աղետների հետևանքով առաջացած կամ չնախատեսված իրավիճակների դեպքում ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներն իրականացվում են մրցույթի ձևով ընտրված կապալառու կազմակերպության կողմից։

Ուստի, քանի որ կարևոր է բացառապես օրենքով նախատեսված դեպքերում  և հիմքերով մեկ անձից գնում կատարելը, ինչպես նաև հաշվի առնելով գնումների կազմակերպման գործընթացում հնարավոր չարաշահումների վտանգը,  Ֆինանսների նախարարությունը գտել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ամեն տարի նույն ծառայության մատուցման համար մեկ անձից գնում կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ նախագիծը  լրացուցիչ հիմնավորման կարիք ունի։

Ֆինանսների նախարարության առարակությունները, սակայն, չեն ընդունվել, և Տարածքային  կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տրվել է թույլտվություն Հ3, Երևան-Գառնի-Գեղարդ ավտոմոբիլային ճանապարհի  սողանքային կմ15+000-կմ16+800 հատվածի անցանելիության ապահովման ամենամյա աշխատանքները յուրաքանչյուր տարի մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք բերելու համար։

Տեսանյութեր

Լրահոս