Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանին օդանավակայանից բերելու համար կաթվածահար են արել քաղաքի՝ տվյալ հատվածի երթևեկությունը՝ ստեղծելով վթարային իրավիճակ

168.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին վրդովված բողոքում էր իշխանությունների երթևեկից:

«Ձեզ բազմաթիվ օրինակներից միայն մեկը բերեմ: Երեկ՝ ժամը 22.30-ի շրջանում, Աթենքի փողոցը Իսակովի պողոտային կապող հատվածում աննկարագրելի իրարանցում սկսվեց: Ճանապարհային ոստիկանը կտրուկ կտրեց դեպի Իսակովի պողոտա ընթացող մեքենաների ճանապարհը՝ վթարային սարսափելի իրավիճակ ստեղծելով»,- ասաց քաղաքացին՝ հավելելով, որ սկզբում անգամ մտածել են, թե ոստիկանները հանցագործ են վնասազերծում:

Սակայն քիչ անց նկատել են Կենտրոնից Իսակովի պողոտայով մեծ արագությամբ հավանաբար դեպի օդանավակայան սլացող բազմաթիվ պետական համարանիշներով թվով մոտ 10 մեքենաներ, որոնցից 3-ը եղել են ՃՈ տարբերանշանով, մնացածը, քաղաքացու խոսքով, հիմնականում սև ամենագնացներ:

«Երբ արդեն ճանապարհը բացվեց, ու մեզ թույլ տվեցին մտնել Իսակով, նկատեցինք յուրաքանչյուր քայլափոխի կանգնած ՃՈ մեքենաներ, որոնք հավանաբար ապահովում էին այդ պաշտոնյաների ազատ երթը: Հավանաբար օդանավակայան էին գնում՝ դիմավորելու Նիկոլին: Դա դեռ քիչ էր, դեպի Մալաթիա-Սեբաստիա համայնք մտնող «Նեպտուն» մարզասրահին հարող հատվածում էլ ծառայություն էին իրականացնում ևս 4 ճանապարհային ոստիկանության մեքենաներ»,- ասաց մեզ հետ կապ հաստատած քաղաքացին:

Ի դեպ, նշենք, որ քաղաքացիներից շատ-շատերն են հեղափոխությունից հետո այս տարիների ընթացքում նկատել և սոցիալական ցանցերում թե լուսանկարների, թե տեսանյութերի միջոցով ներկայացրել հանրապետությունում երթևեկության սարսափելի վիճակը և հատկապես Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեկ տասնյակի հասնող, հաճախ՝ մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներով շարասյան երթևեկը: Վարորդները նկատում են, որ երբևէ նման վթարային իրավիճակներ չեն ստեղծվել Հայաստանի նախկին ղեկավարների պաշտոնավարման ժամանակաշրջանում, և այդչափ մեքենաներ չեն ուղեկցել նախկիններից որևէ մեկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս