«Ես հուսալքված եմ այս երկրից էլ, այս երկրի պահվածքից էլ». Անհետ կորած զինվորի ծնող

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողներից շատերն այս օրերին դիմել են ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանին՝ խնդրելով հետաքրքրվել, թե իրենց զավակների անհետացման վերաբերյալ հարուցված քրեական գործերն ինչ ընթացքի մեջ են։

«Ծնողները խորը կասկածներ ունեն, որ հարուցված քրեական գործերի քննություն, ըստ էության, տեղի չի ունենում։ Նրանք պնդում են, որ այդ գործերը քննի Ազգային անվտանգության ծառայությունը, քանի որ իրենց մեծ մասի որդիներն առաջնագիծ չպետք է գնային։ Մեկ ամիս ծառայող զինվորին տարել են առաջնագիծ, զինվորներից մեկի հայրը պատմեց, որ որդուն վիրահատել են ու երկու օր անց տարել են առաջնագիծ։ Այսինքն՝ այնպիսի բաներ են տեղի ունեցել, որոնք քրեական կամ քրեաիրավական բնույթի կասկածներ են առաջացնում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը:

Պատգամավորն այսօր խորհրդարանում հանդիպել էր Հադրութի Վանք գյուղում շրջափակման մեջ հայտնված 50 և Մարտունի N3 զորամասի 76 զինծառայողների ծնողներից մի քանիսի հետ։

Ըստ Թագուհի Թովմասյանի, պատերազմից արդեն չորս ամիս է անցել, իսկ իշխանություններն այդ վերքը դեռ բաց են թողնում։

Նրա կարծիքով՝ եթե ծնողները պահանջում են, որպեսզի գործը քննի ԱԱԾ-ն, ապա ի՞նչն է խնդիրը, որ այդպես լինի։

«Այս մարդիկ կորցրել են իրենց ամենաթանկը, նրանք մեր երկրին տվել են ամենաթանկը, հիմա մենք այս ծնողներին ասում ենք՝ լավ, մենք կորոշենք, ու այդպես էլ որոշում չենք կայացնում։ Այս ծնողները պատմում են, որ իրենց երեխաներին, կոպիտ ասած, բարձել են բեռնատարների թափքը և ուղղորդել են կոնկրետ ճակատ։ Հիմա եթե այդ հրամանատարները մտավախություն են ունեցել, որ ԱԹՍ-ները կհարվածեն, ինչպես կարելի է բեռնատարով զինվոր տեղափոխել, շատ լավ իմանալով, որ 50-60 հոգին ավելի մեծ թիրախ է, քան 3-4 հոգին, որոնք կնստեն փոքր մեքենաների մեջ։ Այստեղ շատ հարցականներ կան, որի դեպքում ուղղակի քննություն է անհրաժեշտ, որքան կարելի է այս մարդկանց տանել-բերել։ 76 մարդ է զոհվել, որևէ մեկին նրանց ճակատագիրը չի հուզում, չի հետաքրքրում՝ ինչ հանգամանքներում և ում պատճառով են նրանք զոհվել։ Եթե Հադրութը մենք հանձնել ենք, հանձնելուց 2 օր հետո այդ երեխաներին ո՞ւր են տարել, ինչո՞ւ են տարել»,- հավելեց պատգամավորը։

Ծնողներից մեկը մեղադրել էր Մարտունի N3 զորամասի գնդի հրամանատարին։

«Երեխան վաշտի հետ է եղել, տարակուսանք կա, որ վիճել են, ինչու են երեխաներին տարել Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքներ, առանց ուղեկցողի։

Գոռ Իշխանյանը փախած է, նա ծնողներից փախած է, հեռախոսահամարն էլ է փոխել, որքան իմ սիրտը բաբախի, նա ինձ հետ հարց է ունենալու, նա գնդի հրամանատարն էր Մարտունի 3-ի»,- նշեց նա։

Ըստ ծնողի, իր տղային դիտավորյալ են կորցրել, քանի որ շատ բան գիտեր։

Ծնողներից մեկն էլ նշեց, որ 6 ամիս դժոխքի մեջ են ապրում։

«Ես հուսալքված եմ այս երկրից էլ, այս երկրի պահվածքից էլ։ Եթե իմ երեխան ինձ հասնի, ես ամեն մի սանտիմետրի վրա թքելով՝ կգնամ այստեղից»,- եզրափակեց անհետ կորած զինվորի ծնողը:

Տեսանյութեր

Լրահոս