Սուեզի ջրանցքի վթարը կազդի ԱԽՏ-ի տնտեսության վերականգնման վրա. փորձագետ

Սուեզի ջրանցքի վթարը բացասական ներգործություն կունենա Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) տնտեսության վերականգնման վրա եւ կհանգեցնի Ասիայում արդյունաբերական շղթաների խախտման: Մարտի 30-ին ՏԱՍՍ-ին այս կարծիքն է հայտնել Տեխնոլոգիաների եւ բիզնեսի համալսարանին կից էկոնոմիկայի ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Հուն Տաոն։

«Սուեզի ջրանցքը խոշորագույն լոգիստական միջանցքներից մեկն է, որոնք Ասիան կապում են Եվրոպայի հետ, ինչպես նաեւ համաշխարհային նավագնացության կարեւորագույն տրանսպորտային մայրուղին»,- նշել է փորձագետը: «Բիզնեսի, տրանսպորտային փոխադրումների վերականգնման ֆոնին, որոնք ընդհատվել էին կորոնավիրուսի համավարաից, զգալիորեն աճել է բեռների հոսքն, այդ թվում ջրանցքով: Այդ առնչությամբ ներկայիս վթարը, որի հետեւանքով ջրանցքը վեց օրվա ընթացքում արգելափակված էր հունի լայնքով կանգնած բեռնարկղանավի պատճառով, լուրջ ազդեցություն կգործի ԱԽՏ-ի տնտեսությունների վերականգնման վրա»,- ընդգծել է Հուն Տաոն:

Նրա խոսքով՝ այս պատահարը «կխախտի նաեւ տարածարջանի արդյունաբերական շղթան, քանի որ ջրանցքով են անցնում մեծ ծավալի նավթ եւ այլ հումքեր, որոնք չափազանց անհրաժեշտ են արտադրության բնականոն շրջանառության համար»: Ինչպես նշել է Սինգապուրի արդյունաբերական ֆեդերացիայի նախագահ Դուգլաս Ֆոն, «տեղացի արտադրողները, որոնք մեծ քանակությամբ բաղադրիչներ են ներմուծում ծովով, արդեն կանգնած են փոխադրումների ծախսերի ավելացման խնդրի առաջ»: «Տարբեր գնահատումներով,- ասել է նա,- արժեքը 20 տոկոսից աճել է մինչեւ 200»:

Տեսանյութեր

Լրահոս