«Անգամ հանձնել ենք 90-ական թվականների պատերազմի ժամանակ թաղված ադրբեջանցի ռազմագերիների ոսկորները». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանից հետաքրքրվեց, թե վստա՞հ է, որ Հայաստանում կան ադրբեջանցի ռազմագերիներ։
«Ես նման վստահություն չունեմ, որ ադրբեջանցի գերեվարված անձինք կան Հայաստանում։ Դուք ուզում էիք ասել՝ հակառակորդը, բայց կեսից ասացիք՝ մյուս կողմը, ես Ձեր գնահատականն եմ ուզում իմանալ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի, իմ կարծիքով՝ խիստ սկանդալային հայտարարության հետ կապված։ Ի՞նչ է անում Հայաստանի արտգործնախարարությունը, բացի էմոցիոնալ հայտարարություններից»,- արտգործնախարարին հարցրեց Նաիրա Զոհրաբյանը։
Պատասխանելով՝ Արա Այվազյանն ասաց, որ Հայաստանն ամբողջովին կատարել է նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված 8-րդ կետը և հանձնել է Ադրբեջանին բոլոր գերիներին։
«Մենք միշտ մատնացույց ենք արել, որ Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունները։ Գնալով միջազգային ճնշումն աճում է, լինի գերիների պահով, թե մեր պատմամշակութային և կրոնական հուշարձանների վերաբերյալ։ Վստահ եմ, որ Ադրբեջանը չի թաքցնում իր հանդուգն գործելաոճը և մարտահրավեր է նետում այդ երկու հարցերով միջազգային հանրությանը»,- նշեց Արա Այվազյանը։
Արտգործնախարարը չմեկնաբանեց Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը։
Արձագանքելով՝ Նաիրա Զոհրաբյանը նկատեց՝ շատ կարևոր է, որ արտգործնախարարն արձանագրեց այն, ինչ գիտեին բոլորը։
«Այո, մենք կատարել ենք մեր պարտավորությունը և մինչև վերջին ռազմագերին հանձնել ենք, անգամ հանձնել ենք 90-ական թվականների պատերազմի ժամանակ թաղված ադրբեջանցի ռազմագերիների ոսկորները, գուցե կարիք չկար ամեն ինչ հանձնելու։ Իսկ մենք և Դուք գիտենք հաստատված ռազմագերիների և ենթադրյալ ռազմագերիների թիվը։ Այսօր մենք ունենք 188-ի չափով հաստատված գերիներ և այդքան էլ ենթադրյալ ռազմագերիներ։ Երբ Ադրբեջանը հայտարարում է, որ նրանք ռազմագերիներ չեն, այլ ահաբեկիչներ են, ուզում եմ հասկանալ, մեր գործիքները որո՞նք են, որպեսզի այդ երկրին բերենք կառուցողական դաշտ՝ միջազգային պարտավորությունների դաշտ»,- հավելեց պատգամավորը։
Արա Այվազյանը հակադարձեց պատգամավորին՝ գերիների թիվը 188 չէ, պարզապես 188 անձ նշված է ՄԻԵԴ-ի կողմից։
«Թիվը տարբեր է, հիմա ես թիվը չեմ հնչեցնի»,- շեշտեց Արա Այվազյանը։