Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ վաղաժամկետ ընտրություններ չի պլանավորում
Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում անցկացնել վաղաժամկետ ընտրություններ, ինչպես դա պահանջում է ընդդիմությունը, քանի որ 2020 թվականի աշնանը կայացած քվեարկությունն օրինական է ճանաչված: Մարտի 29-ին այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով ընդդիմության հետ բանակցությունները քաղաքական ճգնաժամից դուրս գալու շուրջը։
«Վաղաժամկետ (խորհրդարանական) ընտրություններ երկրում (այժմ չեն անցկացվի): Մենք վերջացրեցինք այդ մասին խոսելը: Եվրամիության, ԱՄՆ-ի Սենատի, Պետական դեպարտամենտի, ԵԱՀԿ-ի Դեմոտկրատական ինստիտուտի եւ մարդու իրրավունքների բյուրոյի պաշտոնատար անձինք եւ ընդհանրապես ամբողջ աշխարհը ճանաչել են մեր (կայացած ) ընտրությունները եւ շնորհավորել են մեզ: Ի՞նչ ընտրությունների մասին ենք դուք խոսում»,- ասել է Ղարիբաշվիլին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: