Ինչո՞ւ ՊՎԾ աշխատակիցների Սյունիք այցին հետևեց ՊՎԾ պետի այցը
Մարտի 24-ին 168.am-ը հայտնել էր, որ Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումների հանձնարարականով շտապել է այցելել Սյունիքի այն համայնքապետերին, որոնք խիստ զուգադիպությամբ ընդամենն օրեր առաջ հայտնել էին նոր՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ստեղծման մասին:
Կրկին խիստ զուգադիպությամբ նրանք այն համայնքապետերն են, որոնք ամիսներ շարունակ բարձրաձայնում են պատերազմից հետո Սյունիքում առկա անվտանգային խնդիրների և կառավարության անգործության մասին:
Սիսիանի, Մեղրու, Գորիսի համայնքապետերը մեզ հետ զրույցում հաստատել էին ՊՎԾ ստուգումների մասին տեղեկությունները, սակայն չէին ցանկացել քաղաքականացնել:
Այսօր արդեն տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ անձամբ ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանն է գործուղվել Սյունիքի մարզ՝ Սիսիան, Գորիս, Մեղրի և Կապան համայնքներ:
Արդյո՞ք ինչ-ինչ խնդիրներ են առաջացել ստուգումների ընթացքում, որ ՊՎԾ աշխատակիցները չէին կարող լուծել, որ հենց պետին մարզ գործուղելու անհրաժեշտություն է ծագել. փորձեցինք ճշտել հիշյալ համայնքների ղեկավարներից:
«Մեզ մոտ նորմալ ընթանում է. երևի ընթացակարգն է այդպես պահանջում»,- ասաց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը:
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը նշեց, որ տեղեկություն չունի այցի ու այցի նպատակների մասին;
Կապան և Սիսիան համայնքների ղեկավարների հետ կապ հաստատել չստացվեց:
Այցի նպատակների մասին փորձեցինք տեղեկանալ նաև ՊՎԾ-ից. ՊՎԾ Ծառայության ղեկավարի օգնական՝ մամուլի խոսնակ Դավիթ Դանիելյանից միակ հասանելի աշխատանքային հեռախոսահամարը չպատասխանեց:
Հիշեցնենք՝ հենց հունվար ամսին վարչապետի որոշմամբ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար էր նշանակվել «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Տիգրան Ուլիխանյանը: