
Տեխասում փետրվարի սառնամանիքների զոհերի թիվը հասել է 111-ի

ԱՄՆ-ում առնվազն 111 մարդ է զոհվել փետրվարին Տեխասի նահանգում մոոլեգնած անոմալ սառնամանիքների պատճառով: Մարտի 25-ին այդ տվյալները բերել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Տեխասի Առողջապահության դեպարտամենտը։
Դեպարտամենտի թողարկած հաշվետվության համաձայն՝ բոլոր մահերը տեղի են ունեցել փետրվարի 11-ից մինչեւ մարտի 5-ն ընկած ժամանակամիջոցում եւ դրանց պատճառն առավելապես եղել է սաստիկ սառչելը: «Նաեւ մեծ քանակությամբ մահեր են եղել ճանապարհա-տրանսպորտային պատահարների, շմոլագազից թունավորման, բժշկական սարքավորանքի խափանումների, թթվածնի պակասի, ընկնելու եւ հրդեհների հետեւանքով»,- փաստաթղթից մեջբերում է անում հեռուստաալիքը: Փետրվարին նահանգի համար անոմալ սառնամանիքները եւ ձյունամրրիկները ընդգրկուն խափանումների են հանգեցրել Տեխասի էլեկտրացանցերի աշխատնքում:
Կատարվել են էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ: Նահանգում միլիոնավոր սպառողներ առանց լույսի են մնացել մի քանի օր շարունակ: Ջրամատակարարման խնդիրների են հանդիպել նահանգի 14,9 միլիոն բնակիչներ: Շատերը տուժել են սաստիկ սառչելուց կամ վնասվածքներ են ստացել՝ փորձելով տունը տաքացնել ձեռքի տակ եղած միջոցներով: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կարգադություն է արել դաշնային օգնություն ցույց տալու Տեխասին սաստիկ ձյունամրրիկի հետեւանքների պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: