Բաժիններ՝

44-օրյա պատերազմից հետո ես իմ ցավն արտահայտելու այլ տարբերակ գտա՝ գալ Հայաստան ու օգնել՝ ինչով հնարավոր է. Ալինա Դաքեսյան

Ամբողջ աշխարհում բազմաթիվ կյանքեր խլած կորոնավիրուսից խուսափելու համար մարդիկ, մեկ տարի է՝ կրում են դիմակ, իրարից 1.5 մետր սոցիալական հեռավորություն են պահում, ախտահանում են ձեռքերը, ինչպես նաև աշխատում են մնալ տանը:

Լիբանանահայ Ալինա Դաքեսյանը լոքդաունի այս պայմաններում փորձել է հաճելին համատեղել օգտակարի հետ, ու հայ և արաբ կանանց հետ որոշել են գլխարկներ, շարֆեր գործել հայ փոքրիկների համար:

«Լիբանանում կորոնավիրուսով պայմանավորված՝ լոքդաուն էր, խանութները փակ էին, դուրս գալն արգելված էր, ես ծնողներիս տուն էլ չէի կարողանում գնալ, որովհետև մայրս մեծ է, չէի ցանկանում, որ որևէ ձևով իրեն փոխանցվի կորոնավիրուսը: Մտածեցի լոքդաունի այս պայմաններում Հայաստանի համար որևէ բան անել: Ուզում էի, որ մայրս էլ որևէ կերպ շեղվեր, զանգեցի, հարցրի՝ եթե բուրդ բերեմ, կաշխատե՞ս։ Ասաց՝ շատ լավ:

Մի քանի կանայք ևս միացան, բարերար գտանք, ով ասաց՝ բրդերը կգնի, կօգնի մեզ:

Տանում էի բրդերը, որոշ ժամանակ անց զանգում, ասում էին՝ վերջացավ, նորը բեր: Արաբ կանայք ևս միացել էին մեզ: Հետաքրքիրն այն է, որ բրդերը երեք տեղից գնեցինք, վաճառողները բոլորը կանայք էին, այսինքն, վաճառողն էլ, գնորդն էլ ու աշխատողները կանայք էին: Ի դեպ, տեսազանգի միջոցով ենք գործել գլխարկներն ու շարֆեր: Ընթացքում ցույց էին տալիս, թե ով որքան է աշխատել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ալինա Դաքեսյանը՝ ընդգծելով, որ լիբանանցի կինը շատ լավ գիտակցում է օգնության արժեքը, որովհետև Լիբանանն էլ լավ վիճակում չէ, իր դժվարություններն ունի:

«Երբ լիբանանցի կանայք լսեցին, որ շարֆերը և գլխարկները երեխաների համար են, բոլորը սիրով համաձայնեցին աշխատել: Ժամանակի խնդիր կար, 3 շաբաթում պետք է հասցնեինք, և ի շնորհիվ իրենց ժրաջանության՝ 80 գլխարկ և շարֆ կարողացանք գործել: Այս դրայվն էր պատճառը, որ հիմնեցինք «You are my sunshine» ՀԿ-ն, այդպես կոչեցինք, քանի որ փոքրիկների երգ կա՝ հետևյալ բառերով՝ «You are my sunshine, My only sunshine. You make me happy»:

Հասարակական կազմակերպության անդամները հայեր են և արաբներ: Առաջին օգնությունը տրամադրեցինք ՀՀ-ում գործող «Օրրան» կազմակերպությանը, երկրորդը հավանաբար կլինի Լիբանանում գործող նմանատիպ կազմակերպության փոքրիկներին որոշ չափով օգնելը: Սակայն ուզում ենք, որ Հայաստանին օգնելը շարունակական լինի: Հունվարին եկել էինք Հայաստան: 44-օրյա պատերազմի ժամանակ ընդհանրապես մենք լուռ էինք, չէինք ուզում մաս դառնալ Ֆեյսբուքում կամ այլ սոցիալական ցանցերում եղած խոսակցություններին: Ինձ համար տհաճ է, երբ Հայաստանի վերաբերյալ վատ բաներ են խոսում սոցիալական ցանցերում: Ես իմ ցավն արտահայտելու այլ տարբերակ գտա՝ գալ Հայաստան ու օգնել՝ ինչով հնարավոր է, որովհետև ես էլ եմ մայր, ես էլ զավակ ունեմ, իմ տղան էլ կարող էր զինվոր լինել, ու դյուրին չէ զավակ կորցնելը»,- նշեց Ալինա Դաքեսյանը:

Լիբանանի Անջար քաղաքում գործում է ABC Book Club Lebanon ակումբը, որը հիմնվել է Ալինա Դաքեսյանի և նրա չորս ընկերուհիների կողմից: Քանի որ ակումբի անդամները կարևորում են կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնումը, հետաքրքրվեցինք, թե Լիբանանում շա՞տ են խախտվում կանանց իրավունքները, Ալինա Դաքեսյանը պատասխանեց.

«Պետությունը կրոնական ամուսնություններն է ճանաչում, մենք չունենք քաղաքացիական ամուսնություններ: ՀԿ-ներ կան ու մարդու իրավունքները պաշտպանող գրասենյակներ, որոնք աշխատում են, որ քաղաքացիական ամուսնություն լինի, կինն ավելի իրավունքներ ունենա, որովհետև բաժանության պարագայում, օրինակ, իսլամին դավանող կնոջ իրավունքները և քրիստոնյա կնոջ իրավունքները նույնը չեն: Ընդհանրապես կանայք այստեղ ազատ են, բայց իրավունքները բաժանության դեպքում են ի հայտ գալիս:

3 տարի առաջ խորհրդարանական ընտրություններ էին, ու ես որոշեցի մասնակցել դրան՝ զուտ նրա համար, որ կանանց թիվը շատ լիներ: Թրեյնինգների մասնակցեցինք, թե ինչ դեր կարող ենք ունենալ խորհրդարանում, ինչպես մեզ դրսևորենք սոցիալական ցանցերում, և այլն: Այն 80 կանայք, որ թրեյնինգի էին գալիս, լավ կարողություններ ունեին, եկել էին մի շարք ծրագրերով, իսկ տղամարդկանց նպատակը միայն աթոռի հասնելն էր: Օրինակ, ես ուզում էի միջին դասակարգի մարդկանց շահը պաշտպանել ԱԺ-ում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս