«Նիկոլը կերավ սաղի գլուխը, երկիրը ծախեց, էլ ի՞նչ է մնում ծախի, թող գնա»․ Փաշինյանի՝ Արագած այցը չեղարկվեց

Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական մարզային այցելությունը պետք է կատարեր, այս անգամ Արմավիրի մարզի մի քանի գյուղերում պետք է հանդիպեր գյուղացիների հետ։

168.am-ին երեկ հայտնի էր դարձել, որ Փաշինյանի առաջին կանգառն Արմավիրի մարզի Արագած գյուղն է, ուստի այսօր վաղ առավոտյան մենք էլ ուղևորվեցինք Արագած գյուղ։

Գյուղացիները մեզ հետ զրույցում հաստատեցին մեր տեղեկությունը՝ իրենց նախապես տեղեկացրել էին Փաշինյանի այցի մասին, ավելին՝ ասացին, որ այսօր վաղ առավոտյան մի քանի ոստիկանական մեքենաներ են եղել գյուղում։

Ավելի ուշ գյուղացիներին փոխանցել էին, որ վատ եղանակով պայմանավորված՝ Փաշինյանի այցը չեղարկվել է կամ հետաձգվել։

168.am-ը շրջել է Արագածի փողոցներով, գյուղացիներից հետաքրքրվել, թե ի՞նչ խնդիրներ կան գյուղում, ինչպես նաև զրուցել քաղաքականության, հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:

Գրեթե բոլորը նշում էին, որ հիասթափված են այս իշխանություններից, իրենց սպասումները չեն արդարացվել․

«Սպասելիքները շատ-շատ էին, բայց հիասթափությունը եկավ, ավելի առաջ ընկավ։ Տեսանելի, շոշափելի փոփոխություն ընդհանրապես չենք տեսել, բացի այն, որ փողոցային խոսակցականը դարձել է քաղաքական կատեգորիա, սա՛ ենք տեսնում։ Գալիս ենք այն եզրակացության, որ ուղղակի կենացներով, բարեմաղթանքներով մատուցում են ժողովրդին․․․ Ինչ վերաբերում է ընտրություններին, մեզ ցույց են տալիս՝ եթե մենք չենք՝ նախկիններ։ Քնում-զարթնում ես՝ նախկիններ, հասկացանք, դրա համար էլ այսօր դուք եք, նախկինները չեն, ժողովրդի ընտրությունը թողնում են այն, որ եթե մենք չենք, նրանք են, գալու են ավելի այսպես, ավելի այնպես․․․»,- ասաց միջին տարիքի մի տղամարդ։

Նրան հարցրեցինք, թե ինքն արդյոք տեղյա՞կ էր, որ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան պետք է իրենց գյուղ այցելեր․

«Այո, տեղյակ էի․․․ Կհարցնեի՝ դուք որ եկել եք, մեզնից ի՞նչ եք սպասում, այն բանով, որ մենք ձեզ նորից ընտրե՞նք։ Ինչքա՞ն ընտրենք, մի բան այն չլինի, նորից ընտրենք, մարդիկ բան ու գործ չունեն էլ․․․»։

Գյուղացիներից երիտասարդ մի կին էլ ասաց, որ ինքը դեռևս 2018 թվականին էր դեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն, իսկ այն խոստումները, որ Փաշինյանն էր ժամանակին տվել, թե գյուղացիները պետք է բարեկեցիկ կյանքով ապրեն, մեղմ ասած, իրականության հետ որևէ աղերս չունեն․

«Բարեկեցիկ կյանք չունենք, դժվար է ապրելը։ Առաջին օրվանից էլ ես դեմ եմ եղել Նիկոլին․․․»։

Փողոցում հանդիպեցինք տարեց մի տղամարդու, որը դռնեդուռ ընկած կաթ մթերողի հեռախոսահամարն էր փնտրում, որպեսզի կարողանար իր ապրանքը վաճառել։ Մեզ հետ զրույցում նա ասաց՝ գյուղում խնդիրներն անսահման են․

«Ո՞րը խնդիր չէ, անասուն ենք պահում, եկել եմ, համար եմ վերցնում, որ տեսնենք՝ ում հանձնենք, արտադրել եմ, կաթը ունեմ, բայց անասունները պահե՞մ, թե՞ տանեմ հանձնեմ։ Մարդ կա, որ գալիս-հավաքում-տանում է, պետք է այդ մարդուն գտնենք, էժան գներով տանք, 150 դրամով պետք է կաթը տանենք, 300 դրամով մեր տնից ծախվում է, բայց ստիպված 150 դրամով պետք է բիրիք տանք այդ մարդուն, որ տանի, սաղ պրոբլեմ է, առավոտ 6-ից զարթնել եմ, չեմ հասցնում գնամ անասուններին ջրեմ, սաղ խնդիր է»։

Նրան հիշեցրինք Փաշինյանի խոստումները, որ գյուղացին բարեկեցիկ կյանքով պետք է ապրի, սակայն դա գյուղացուն զայրացրեց․

«Ավելի լավ է, թող ոչ մի բան չասի, ես իրա․․․ մնացածը չասեմ, մնացածն իր մասին չասեմ, ախպեր, կերավ սաղի գլուխը, էլ ի՞նչ է ուզում, թող գնա, էլի։ Այսքան զոհեր տվինք, այսքան երիտասարդներ, էլ մնացել է՝ ի՞նչ անի, երկիրը ծախեց, ի՞նչ է մնում ծախի, թող գա՝ ծախի․․․»։

Ինչ վերաբերում է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա գյուղացին ասաց, որ այս անգամ նույն սխալը թույլ չեն տա․

«2018-ին ընտրել ենք Նիկոլ Փաշինյանին՝ առանց իմանալու, առանց գիտակցելու, որովհետև չէինք ճանաչում․․․ Հենց հիմա էլ գնա՝ ավելի լավ է, երեկ գնացած լիներ՝ էսօր կլիներ 2 օր, շուտ գնա, շուտ պրծնենք»։

Նա տեղյակ չէր, որ Փաշինյանն այսօր այցելելու էր Արագած գյուղ․«Գա՝ գալու եմ հեռվից մի քարով խփեմ գլխին»։

Գյուղացիներից մեկն էլ, որը, ի դեպ, միակն էր հարցվածներից, որ Փաշինյանի իշխանությանը կողմ էր, ասաց, որ նախապես տեղյակ է եղել Փաշինյանի այցի մասին, սակայն չբացահայտեց, թե որտեղի՞ց, ո՞վ էր ասել․

«Ոչ մեկն էլ չի տեղեկացրել, այստեղից-այնտեղից շշուկներով իմանում ես, թե չէ՝ ո՞վ պետք է գա ինձ ասի՝ արի, Նիկոլը գալիս է կամ չի գալիս, կամ եսիմ ինչ․․․ Կռիվ էր, պատերազմ էր, եղավ, տենց եղավ հիմա, Նիկոլն ի՞նչ անի, Նիկոլի տեղը որ ուրիշը լիներ՝ ուրիշ ձև կլինե՞ր»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս