Ամբողջ հյուրանոցում մեկ լվացքի մեքենա է ու 30 ընտանիք. հադրութցի

Նոյեմբերի 14-ից փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում, ՌԴ ՊՆ հաղորդմամբ, Արցախ է վերադարձել 52.700 մարդ: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքներն ու ցուցաբերում են մարդասիրական օգնություն:

Անուշ Անդրյանը ևս իր ընտանիքի հետ վերադարձել է Արցախ, սակայն, ինչպես ասում է տիկին Անուշը, ունեն սոցիալական խնդիրներ. չեն աշխատում, դժվարանում են սնունդ և հագուստ գնելու հարցում:

«Գյումրիում ենք մնացել, լավ նայում, օգնում էին մեզ, սակայն հունվարի 5-ից եկել ենք Ստեփանակերտ, հյուրանոցներից մեկում են տեղավորել: Այսօր օգնություն էին տալիս, գնացի, ասացին` բոլորը Շուշիի բնակիչներինն է, դեռ ձեր հերթը չէ: Ասում եմ՝ բա բազմազավակ ընտանիք է, 6 երեխա ունեմ, պատասխանում են, թե՝ հադրութցիների ցուցակը դեռ չկա, դրա համար շուշեցիներին ենք օգնում: Դիմել եմ Արցախի նախագահին, տեսնեմ` երբ կընդունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անուշ Անդրյանը:

Նրա խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե որքան են մնալու, ու ինչ է լինելու դրանից հետո:

«Միայն մեր ընտանիքը 8 հոգուց է բաղկացած՝ ես, ամուսինս ու  6 անչափահաս երեխաներս: Ամբողջ հյուրանոցում մեկ լվացքի մեքենա է ու 30 ընտանիք: Մենք էլ ոչ մի բան չունենք, երբ պատերազմը սկսվեց՝ հազիվ երեխաներին եմ կարողացել դուրս բերել ու միայն փաստաթղթեր եմ վերցրել: Թշնամու կողմից օկուպացված Հադրութում էինք ապրում, ունեինք 3 տուն, մեքենա, այգի, անասուններ, իսկ հիմա՝ ոչ մի բան չկա: Ցանկացած օգնություն կարևոր է մեզ համար՝ սնունդ, հագուստ, գումար»,- նշեց Անուշը:

Ընտանիքին օգնել հնարավոր է «Արցախբանկում» բացված հաշվեհամարի միջոցով, որն Անուշ Անդրյանի անունով է. 22305000832309:

Տեսանյութեր

Լրահոս