Բոլորս լավ աշխատեցինք, բայց արդյունքը գոհացուցիչ չէ. Սերգեյ Մկրտչյան
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանու անդամ Սերգեյ Մկրտչյանը բավարարված է Բելառուսի դեմ խաղի աշխատանքից, բայց ոչ արդյունքից:
«Մենք լավ աշխատեցինք թե առաջին, թե երկրորդ կեսում: Պարզապես երկորրդ կեսում մի պահ թուլացանք և գնդակ բաց թողեցինք: Բոլորս լավ աշխատեցինք, բայց արդյունքը գոհացուցիչ չէ»- լրագրողների հետ զրույցում ասաց Սերգեյ Մկրտչյանը: Վերջինիս խոսքով` նորեկների հետ կապն այդքան էլ լավ չստացվեց, սակայն դա միայն ժամանակի հարց է:
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին ընկերական խաղի շրջանակներում հյուրընկալ էր Բելառուսի հավաքականին: Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին Բելառուսի ընտրանին տիրում էր նախաձեռնությանը: Հադիպման 18-րդ րոպեին օգտվելով Հայաստանի հավաքականի պաշտպանների սխալից Բելառուսի ընտրանին առաջ անցավ հաշվի մեջ: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Վլադիսլավ Լոժկինը: Խաղակեսի վերջանամասում Հայաստանի Մ21 տարեկանների թիմը հիմնականում տիրում էր գնդակին: Առավելությունը գոլի վերածվեց 41-րդ րոպեին, երբ Սերոժ Թիթիզյանը ստանդարտ դիրքից գրավեց Բելառուսի դարպասը: Հանդիպման վերջանամասում` 88-րդ րոպեին, Բելառուսն օգտագործեց արագ հակագրոհը և նորից առաջ անցավ հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Եգոր Բոգոմոլսկին: Ի վերջո Հայաստանի հավաքականը զիջեց Բելառուսին 1:2 հաշվով: