Բաժիններ՝

«Բոքոնիկն» ամենապահանջվածն է

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ փետրվարի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական, ուկրաինական, սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և շատ այլ ժողովուրդների բանահյուսություններում:

Երկրորդ տեղում է «Գայլն ու յոթ ուլիկները» գիրքը: Գրիմ եղբայրների այս հեքիաթը հրատարակվել է 1812-1815 թվականների հեքիաթների շարքում: Սյուժեն շատ հայտնի է ու պարզ, այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի:

Երրորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:

Չորրորդ հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Փոքրիկ ընթերցողներն այս գրքից կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:

Հինգերորդ հորիզոնականում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:

Ջեկ Լոնդոնի «Սպիտակ ժանիքը» վեցերորդ տեղում է: «Սպիտակ ժանիք» վիպակն առաջին անգամ տպագրվել է «Աութինգ մեգեզին» հանդեսում՝ 1904 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, ապա հրատարակվել է Նյու Յորքում: Իրադարձությունները տեղի են ունենում Ալյասկայում, ոսկու տենդի ժամանակներում: Վիպակի հերոսը ընտելացված գայլն է, որին անվանում են Սպիտակ Ժանիք՝ սպիտակափայլ ժանիքներ ունենալու համար: Պատմության հիմնական մասը կազմված է գայլի խոհերի, պատկերացումների եւ ընկալումների տեսանկյունից: Մյուս կողմից՝ ներկայացվում են հեռավոր հյուսիսում բնակվող դաժանացած մարդու վերաբերմունքն ու հարաբերությունները աշխարհը հասկանալ ցանկացող կենդանու հետ:

Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» յոթերորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:

«Շունն ու կատուն» գիրքը ութերորդ հորիզոնականում է: Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:

Իններորդ տեղում է Լուսի Մոդ Մոնտգոմերիի «Աննան Կանաչ կտուրներից» վեպը: Այն 1908 թվականի առաջին հրատարակությունից ի վեր դարձել է համաշխարհային բեսթսելեր։ Վեպը վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակով և թարգմանվել 36 լեզուներով։ Այն պատմում է մի որբ աղջնակի՝ Աննա Շիրլիի մասին։ Մեթյու և Մարիլա Քաթբերտները՝ միջին տարիքի քույր և եղբայր, որոշում են տղա որդեգրել, ով կօգներ Էվոնլի մտացածին գյուղում գտնվող իրենց ագարակի աշխատանքները վարելիս, սակայն տեղի է ունենում սխալմունք, ու նրանց մոտ են ուղարկում կարմրահեր, խելացի ու երազկոտ Աննա Շիրլիին։ Վեպում ներկայացված են Աննայի արկածները Կանաչ կտուրներում, որտեղ աղջիկը վերջապես գտնում է իր տունը։

Տասներորդ հորիզոնականում «Երեք խոզուկները» մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան-Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս