«Այսպիսի օրենք ընունելով՝ կարծես թե ԲԴԽ-ն դառնում է չորրորդ ատյան». Մխիթար Պապոյան

Այսօր Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը նշեց, որ Դատական օրենսգրքի փոփոխությամբ նախատեսված փոփոխությունը, որով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու հնարավորություն կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, դատավորներին կարող է կաշկանդել:

«Ես դա ընկալում եմ այնպես, որ որոշակիորեն դատավորները կարող են կաշկանդվել իրենց որոշումները կայացնելուց, որովհետև ըստ էության այսպիսի օրենք ընդունելով՝ կարծես թե ԲԴԽ-ն դառնում է չորրորդ ատյան, որովհետև ցանկացած որոշում կայացնելիս մենք՝ դատավորներս, այսինքն՝ ես իմ անունից կարող եմ ասել, պետք է գամ այն կանխավարկածը, որ մի կողմն ինձնից դժգոհ գնալով՝ անպայման կդիմի ԲԴԽ՝ որպես դատավոր իմ հարցը քննարկելու համար: Եվ արդյունքում ի՞նչ կստացվի, որ յուրաքանչյուր կողմ, որը դժգոհ է գնում դատարանից, իսկ դատարանից կողմերից մեկը դժգոհ է գնում, դժգոհ գնալու պարագայում ինձ պետք է տանի, կանգնեցնի դատարանի առջև: Այս առումով գտնում եմ, որ ճիշտ չէր»,- լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Մխիթար Պապոյանը:

Պապոյանը նաև ռիսկեր է տեսնում այս փոփոխությամբ նախատեսված մեխանիզմների մեջ:

«Դրա հետ նույնպես չեմ համաձայնվի: Չեմ համաձայնվի միայն նրա համար… շատ բան պետք չէ, պետք է ընդամենը նայել, եթե չեմ սխալվում, 2014թ.-ին են Դատական օրենսգրքի փոփոխությունները, որում մտցվեց էլեկտրոնային մակագրության կարգը: Էլեկտրոնային մակագրության կարգն ընդունելու օրենքի նախագծի հիմնավորումներում, մի երկու օր առաջ ինձ հետաքրքրեց վերհիշել, շատ հանգամանալից տարբեր զարգացած երկրների փորձը ուսումնասիրած, նշված է, թե ինչի համար է դա անհրաժեշտ… Մենք, ի՞նչ է լինում, որ դատական բարեփոխումների ծրագրի շրջանակներում ինչ-որ տարիների ընթացքում նոր զարգացումներ են գնում, հիմա հետընթաց ենք կատարում: Ռիսկերը մեծ են տարաբնույթ այս առումով»,- ասաց դատավորը:

Մխիթար Պապոյանը խոսեց նաև դատական և քաղաքական իշխանության առճակատման և իրենց վրա ճնշումների վերաբերյալ լուրերից:

«Փորձելու են որոշակիորեն ազդեցություն ունենալ: Դատավորը, հենց անձը, ինքը պետք է դրանից կարողանա ուղղակի հեռու մնալ: Ինձ վրա, կոնկրետ, երբևէ չի եղել ճնշումներ՝ թե՛ նախկին իշխանության, թե՛ այս իշխանությունների օրոք:

Իսկ ինչ վերաբերում է ճնշումներին՝ կապված ընդհանուր դատական համակարգի հետ, դատավորն ասաց՝ «Կոնկրետ ինձ ճնշումներ չեն եղել, բայց ընդհանուր ճնշումներ կոնկրետ անձանց վերաբերյալ եղել են մասնավոր ձևերով, ես դա չեմ կարող ասել, որովհետև կոնկրետ դեպքի ծանոթ չեմ: Բայց հանրային ճնշումներ, իհարկե, լինում են: Դուք՝ լրագրողներդ, ինքներդ էլ, չեմ կարծում, որ հակառակ կարծիք կարող եք  ունենալ: Դրանք ուղղակի ավելի շատ հանրային ճնշումներ են, որը ցանկալի չէ»:

Խոսելով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին՝ Մխիթար Պապոյանն ասաց, որ տարբեր քաղաքական մարմիններ, քաղաքական իշխանություններից տարբեր անձինք հայտարարություններ են անում, որ՝ «ինչպե՞ս կլինի, որ այս դեպքում, այս դեպքում, այս դեպքում կալանքը չի ընտրվել»:

Նրա խոսքով՝ կալանքի նպատակը պատիժը չի, կալանքի նպատակն այլ է:

«Միգուցե չեն եղել այդ հիմքերը: Մենք ինչի՞ չենք մտածում այդ ուղղությամբ»,- տարակուսեց նա:

«ԲԴԽ նախագահի նկատմամբ իշխանության պահվածքն ու Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ տեղեկությունն ինչպես են ազդելու դատական համակարգի ու այդ համակարգի նկատմամբ վստահության վրա» հարցին էլ Մխիթար Պապոյանը պատասխանեց, որ ցանկացած տեղեկություն, որը դատական իշխանության վարկաբեկմանն է  վերաբերում, դա ուղիղ ազդեցություն ունենում է:

«Չի կարող ազդեցություն չունենալ: Եթե ՀՀ-ում անընդհատ խոսվում է, ընդ որում, խոսվում է  թե՛ լրագրողների կողմից, թե՛ հասարակ քաղաքացիների կողմից, և թե՛ քաղաքական իշխանությունների կողմից, վատ դատարան ունենալու մասին, դա ուղիղ ազդեցություն է ունենում, և իմ կարծիքով՝ երևի թե ինչ-որ մի օր, ինչ-որ մի պահի պետք է կարմիր գիծ քաշել, որովհետև այն, ինչ ներկայացվում է մամուլով, այն, ինչ հանրությանն է ներկայացվում, ես դրա հետ այդքան էլ համաձայն չեմ: Ես չեմ ասում, որ մեր համակարգում խնդիրներ չկան: Կան խնդիրներ, ինչպես մնացած բոլոր համակարգերում կան այդպիսի խնդիրներ, բայց իմ գնահատմամբ՝ դա այնքան վատը չէ, որքան ներկայացվում է: Իսկ որքան շատ ենք վատ ասում, ինքն ավելի վատանում է: Կարծում եմ՝ ինչ-որ մի օր պետք է այդ կարմիր գիծը քաշվի, և դրանից հետո… ես չեմ ասում՝ վատը չմեկնաբանել, վատը պահել: Վատը ասել՝ վատ, լավը ասել՝ լավ, և փորձել դրա մեջ ավելի լավը տեսնել: Եվ կարծում եմ՝ այդ ժամանակ մեր հանրությունը, մեր ժողովուրդը ավելի դրական վերաբերմունք կունենա իշխանության նկատմամբ»,- եզրափակեց Մխիթար Պապոյանը:

Տեսանյութեր

Լրահոս