Հսկիր ինքդ քեզ
Պահքի ծաղկազարդ պտուղներից է մարդու հոգում կարգ ու կանոնի հաստատումը, որն արտահայտվում է նաև արտաքին կյանքում: Առանց կանոնակարգության և գործողությունների համաչափության հոգևոր աճի շոշափելի զարգացում անձի մոտ չի կարող լինել: Սակայն այն մեխանինական գործառույթ չէ, այլ մտքի մշտապես արթնության և ինքնավերահսկման կարողություն: Պահքը հոգևոր գործիքներից մեկն է, որն անհատին օգնում է այն զարգացնել: Աստծո Հոգին գործում է այն անձի միջոցով, ով կարողացել է հաստատել իր կյանքում ինքնավերահսկման կարգավորությունը: Ինչո՞ւ է կարևոր: Մի պարզ օրինակով կարող ենք նշել և նկատել, որ բնության օրենքները համակարգված են: Եթե բնության և տիեզերքի մեջ չլինի այդ համաչափությունը և համակարգված օրենքները, գիտենք, որ անխուսափելիորեն ամեն ինչ կխաթարվի և կործանման կտանի:
Այդպես էլ մարդու ներաշխարհում, առավելապես հոգու ոլորտում անհարժեշտ է կարգավորությունը, կարգ ու կանոնի հաստատումը, սակայն դա չպետք է ըննկալվի պարզապես հրեաների նման օրենքի տառացի կատարման մեջ: Ավետարանում կարող ենք հիշել այն հատվածը, ուր մտածողության բախում տեղի ունեցավ Հիսուսի և հրեաների միջև շաբաթ օրով բժշկության համար, որտեղ Հիսուս հստակորեն նշեց, որ օրենքի գործադրման էությունն իր բովանդակության մեջ է, այլ ոչ թե օրենքի տառացի իրագործման մեջ (Մատթ. 12.1-18): Մյուս կողմից կարգ ու կանոնի արդյունքը երկաթյա կամքի ձևավորումն է և ազատության բացահայտումը, որովհետև մարդու մեղավոր բնությունը նրան ուղղորդում է դեպի ցանկությունների կատարումն ու բավարարումը և անհատին կախվածության մեջ պահում ցանկություններից՝ սահմանափակելով նրա ազատությունը: Իսկ այն անձը, ով կարողանում է իր հոգու ներսում ձևավորել երկաթյա կամքի գործոնը, սահմանափակում է իր ցանկությունների տիրույթը, հատկապես այն ցանկությունների, որոնք մղում են դեպի մեղքի գործադրմանը:
Հատկանշական է նշել, որ մարդն ինքնուրույն չի կարող միայն իր ջանքերի շնորհիվ ձեռք բերել հավասարակշռության, ինքնավերահսկման կարողությունը: Մարդու մեղանչական բնությունը թույլ չի տալիս: Ս. Պողոս առաքյալը այդ փաստը բնորոշում է Հռոմեացիներին ուղղված նամակի 7-րդ գլխում. «Գիտենք, որ օրէնքը հոգեւոր է. իսկ ես մարմնաւոր եմ՝ մեղքին վաճառուած, քանի որ չեմ իմանում, ինչ որ գործում եմ. ոչ թէ այն եմ անում, ինչ որ ուզում եմ, այլ գործում եմ այն, ինչ որ ատում եմ, ապա եթէ անում եմ այն, ինչ որ չեմ կամենում, դրանով իսկ վկայում եմ, թէ օրէնքը բարի է: Իսկ արդ, ե՛ս չէ, որ գործում եմ այն, այլ՝ իմ մէջ բնակուող մեղքը: Գիտեմ, որ ոչ մի բարի բան չի բնակւում իմ մէջ, այսինքն՝ իմ մարմնի մէջ, որովհետեւ կամենալը կար իմ մէջ, իսկ բարին գործելը՝ ոչ, որովհետեւ ոչ թէ անում եմ բարին, որ կամենում եմ, այլ գործում եմ չարը, որը չեմ կամենում» (Հռոմ. 7.14-19):
Սակայն մարդը կարող է հաղթահարել իր մեջ գործող մեղքի օրենքին միայն Աստծո Հոգու միջոցով, ինչպես Ս. Պողոս առաքյալը նշում է Հռոմեացիներին ուղղված նամակի 8-րդ գլխում: Այդ ճանապարհը մարդուց պահանջում է քրտնաջան հոգևոր աշխատանք: Ոմանք ներանձնական կարգ ու կանոնի հաստատման համար ընտրում են ճգնակեցության ուղին, ոմանք էլ՝ ապրելով և գործելով աշխարհում: Ներքին կարգավորությունը հոգու զորությունների արթնությունն է անհատի ներսում: Այդ զորությունը կենսական նշանակություն ունի, որովհետև այն սնուցում է մարդու մարմինը համապատասխան կենսականությամբ ու ուժով: Քրիստոնյայի հոգևոր աճին զուգընթաց, երբ Աստծո Հոգին նկատում է դեպի իրեն ձգտող անձին, ով տարբեր պատճառներով ծուլանում է կամ գայթակղվում կամ այլ ազդեցությունների ներքո է հայտնվում, երբեմն դիմում է խիստ գործողությունների, որպեսզի տվյալ անհատին ձերբազատի չար ու վատ սովորույթներից, կրքերից, բնավորության բացասական գծերից:
Ս. Պողոս առաքյալը Եբրայեցիներին ուղղված թղթում մեջբերում է Առակաց գրքից ասելով` Տերն ում սիրում է, խրատում է, պատժում է ամեն մի որդու, որին ընունում է (Եբր.12.6): Նա նշում է, որ ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ՝ տրտմություն, բայց հետո արդարության խաղաղարար պտուղն է հատուցում նրանով դաստիարակվածներին (Եբր.12.10): Սակայն Աստված նման խիստ քայլերով ի՞նչ արդյունք է ակնկալում: Ս. Պետրոս առաքյալն ասում է, որ Երկնավոր Հայրը կամենում է, որ սուրբ լինենք, ինչպես գրված է. «Սուրբ եղեք, որովհետև սուրբ եմ ես» (Ա Պետր. 1.16):
Ցավալիորեն կարելի է նշել, որ սուրբ լինելու ճանապարհը հասարակության համար դարձել է խորթ ու օտար, կյանքից կտրված մի իրողություն: Մարդիկ չեն ձգտում դեպի կատարելության այդ ուղին, այլ պարզապես ընթանում են Աստծուց ինչ-որ բան ստանալու սկզբունքով ու ինքնակենտրոնության զարգացման շավիղներով, որոնք կապահովեն իրենց բարեկեցությունը, սակայն դրանից չի փոխվում հասարակական կյանքը և ավելի է լցվում անարդարությամբ և մեղքերով: Դրա համար երբեմն Երկնավոր Հայրը դիմում է խիստ քայլերի, որպեսզի մարդիկ արթնություն ապրեն ու տեսնեն ճշմարտությունը և քայլեն արդարության և սիրո շավիղներով: Ինչպես նաև այնքան բացվի նրանց հոգևոր տեսողությունը, որ կարողանան գոհություն հայտնել ամեն ինչի համար՝ իրապես հաշտություն կնքելով Աստծո հետ, քանի որ գոհության, երախտագիտության հոգեվիճակն Աստծո հանդեպ փոխում է մարդու ներաշխարհը դեպի դրականն ու բարին՝ կազդուրելով նաև անհատի հոգին ու մարմինը:
Արդ, Ս. Բարսեղ Կեսարացու խոսքերը՝ հսկիր ինքդ քեզ, բացահայտում են պահքի բովանդակությունը: Այլ խոսքով ինքնատիրապետման արվեստի փորձառություն ձեռք բերած անձն է ունակ լինում ստանձնել աստվածային գերբնական առաքելության իրագործման պատասխանատվությունը և գործառույթը՝ սիրո, խոնարհության, խաղաղության և համբերության պտուղներով լեցուն և նվիրյալ ծառայելով Աստծուն:
Հովհաննես Մանուկյան
«Շողակն» երկշաբաթաթերթ