Բաժիններ՝

Համագյուղացու սպանության մեղադրանքով հետախուզում է հայտարարվել 28-ամյա երիտասարդին․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Օձուն գյուղի 34-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը վերջինիս համագյուղացին է, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Օձուն գյուղի 28-ամյա բնակիչը 2020թ. փետրվարի 20-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, գյուղի հրապարակում վիճաբանել է 34-ամյա համագյուղացու հետ, որի ընթացքում վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ իր մոտ գտնվող որսորդական հրացանով բազմակի կրակոցներ է արձակել նրա կենսական կարևոր օրգանների՝ գլխի և որովայնի շրջաններին, պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ինչի արդյունքում վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել 28-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս