«Ոստիկանը մերն ա, հիշո՞ւմ եք». Ալեն Սիմոնյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ու քարոզարշավի մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վստահություն հայտնեց, որ «Լուսավոր Հայաստան»-ը չի ցանկանում գնալ արտահերթ ընտրությունների, իսկ ԲՀԿ-ն, Սիմոնյանի գնահատականով, պատրաստ է ընտրությունների:
«Ես չեմ համարում, որ «Լուսավոր Հայաստան»-ը կողմ է արտահերթ ընտրություններին: Ես համարում եմ, որ «Լուսավոր Հայաստան»-ը գտնում է, որ ընտրություններ պետք չի անել, և գտնելու է բազմաթիվ պատճառներ, որպեսզի խուսափի արտահերթ ընտրություններից՝ ուղղակի օգտագործելով այս ժամանակահատվածն իր դիրքը կարևորելու համար… որովհետև լավ եմ ճանաչում գործելաոճը և մշտապես գիտեմ, որ ներկայացվում է մի տարբերակ, հետո փորձում են ինչ-որ պայմանների և պատճառների բերումով այդ պայմանավորվածությունից, այդ հայտարարությունից կամ այդ իրավիճակից խուսանավել, որը արդեն հայտնի գործելաոճ է: Ինչպես նաև ես վստահ եմ, որ «Լուսավոր Հայաստան»-ի և շատ ու շատ հիմնական ընդդիմադիր գործիչներ և ընդդիմադիր կուսակցություններ այսօր իրականում չեն ուզում արտահերթ ընտրություններ, որովհետև գիտեն, որ արտահերթ ընտրություններով իրենցից շատ-շատերը, գրեթե մեծամասնությունը, չեն հաջողելու…
Վստահ եմ, որ շատուշատ կուսակցություններ, իմանալով, որ չեն հաջողելու, ուղղակի խուսափում են, դրա համար գտնում են տարբեր պատճառներ: Հիմա ես ձեզ վստահեցնում եմ, հիմա հիշեք ասածս, հետագայում ևս մի խոսակցություն ենք ունենալու, որ ինչ-որ պատճառով հայտարարվելու է, որ «իշխանությունը այ սենց արեց, այ դրա համար մենք չենք ուզում», կրկնում եմ՝ ընդդիմադիր դաշտում գտնվող ուժերի 80%-ը չեն ուզում արտահերթ ընտրություն՝ ի հեճուկս իրենց հայտարարությունների»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
ԱԺ փոխխոսնակը հրաժարվեց մեկնաբանել «Իշխանությունները չեն ուզում արտահերթ ընտրություններ» արտահայտությունը, որպես հիմնավորում՝ շեշտելով վերջերս անցկացված հարցումները և իրենց դիտարկումները մարդկանց վերաբերմունքի վերաբերյալ:
«Եթե պարոն Մարուքյանը նման բան է ասում, կարող է իր համար ցանկալի դեսպանատան, ցանկալի կազմակերպության հարցմանը անդրադառնալ կամ ինքը հարցում պատվիրել և տեսնել, թե, օրինակ, որ պարագայում են իրենք հատում, օրինակ, 1%-ի շեմը»,- հավելեց ԱԺ փոխխոսնակը:
Հարցին, եթե «Լուսավոր Հայաստան»-ն ու «Բարգավաճ Հայաստան»-ն ասում են, որ թեկնածու չեն առաջադրելու, ի՞նչն է խանգարում իշխանությանը գնալ կոնսենսուսի ու մինչև հունիսի 1-ը կազմակերպել ընտրություններ, Սիմոնյանն արձագանքեց.
«Ընդհանրապես ընտրություն անելու իմաստը քաղաքական դաշտում կայունություն բերելն է, և քաղաքական դաշտում կայունություն ունենալու ամենակարևոր բաղադրիչ մասերից մեկն այն է, որ այսօր ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը, որոնք 2018թ.-ին ստացել են ձայներ, նրանք նույնպես այդ քաղաքական պրոցեսի մասնակից են, որովհետև «Իմ քայլը» դաշինքը և ՔՊ կուսակցությունն իրենք ունեն իրենց վարչապետի թեկնածուն և ունեն 72% ձայն ստացած լեգիտիմ Ազգային ժողով, և այս քայլին գնում են ներքաղաքական իրավիճակը, այսպես ասած, լիցքաթափելու համար: Եվ անել դա միանձնյա, կարծում եմ՝ քաղաքական առումով այդքան էլ ճիշտ չէ… Ժամկետների մասով որևիցե հստակեցում չկա, ժամկետների մասին քննարկում է տեղի ունենում իմ կողմից նշված քաղաքական ուժերի հետ, և ուզում ենք, որ ժամկետները նաև իրենց համապատասխան լինեն:
Մենք ունենք նաև ընտրական օրենսգրքի հետ կապված հարցեր, որոնք պետք է լուծվեն, որովհետև մենք բազմաթիվ անգամ խոսել ենք այն բանի մասին, որ ռեյտինգային համակարգը պետք է փոխվի: Մենք հիմա պետք է քննարկենք և հասկանանք, թե որն է այսօր ավելի կարևոր: Այսինքն՝ մենք կարող ենք մի քիչ հետաձգել, օրենսդրությունը փոխենք, թե՞ շուտ անենք, բայց հին օրենսդրությունով անենք: Այսինքն՝ սրանք բոլորը հարցեր են, որը մեր գործընկերների հետ, որոնք ամենայն հավանականությամբ մասնակցելու են ընտրությունների, լուծված լինեն, որպեսզի հետագայում հարցեր չլինեն»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ այժմ ցանկություն ունեն այնպես անել, որ դաշտի բոլոր խաղացողները մասնակից լինեն այդ որոշմանը:
Ըստ Սիմոնյանի՝ ընդդիմադիրները չեն ցանկանում արտահերթ ընտրությունների գնալ, որովհետև մեկը պատրաստ չի, մյուսը գիտի, որ ինքը չի հաջողելու այդ ընտրություններին, մեկ այլն էլ ուղղակի քաղաքական գործընթացները տեսնում է Վազգեն Մանուկյանին վարչապետ նշանակելու մեջ, «որպեսզի ինքը որևիցե պետական լծակ ստանա, որ կարողանա գալիք ընտրություններին պետական ռեսուրս օգտագործի, ինչպես նախկինում է տեղի ունեցել»:
«Փաշինյանը քարոզարշավ անելու է ոստիկաններով ու ԱԱԾ զորքով շրջապատվա՞ծ» հարցին էլ Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ հորդորելով լրագրողներին Փաշինյանի մասով հանգիստ լինել: Ըստ նրա՝ Փաշինյանը ոստիկաններով ու ԱԱԾ զորքով շրջապատված է շարժվում, որովհետև սպառնալիքներն ու լարվածությունը շատ են: Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ Փաշինյանը քարոզարշավ անելու է լրագրողների հետ միասին, որ լրագրողներն էլ հարցեր ուղղեն նրան:
«Ոստիկաններն էլ են ժողովուրդ: Ոստիկանը մերն ա, հիշո՞ւմ եք»,- լրագրողների հետ զրույցն այս խոսքով ավարտեց Ալեն Սիմոնյանը: