«Կտեսնենք». Սերժ Սարգսյանը՝ ընտրություններում իր դերակատարման մասին
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան պանթեոնում ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին տուրք մատուցելուց հետո կարճ արձագանքեց լրագրողների հարցերին:
Հարցին, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանի դերակատարումն ինչպե՞ս է արտահայտվելու՝ խրամատը չլքելով, ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց մեկ բառով.
«Կտեսնենք»:
Մյուս հարցերին՝ արդյոք Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մասնակցելո՞ւ է ընտրություններին, կամ ո՞ր ուժերի հետ է հնարավոր համագործակցություն, Սերժ Սարգայանը չպատասխանեց:
«Կներեք, շտապում եմ»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի բակում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դիմեց դատարանի բակում հավաքված իր կուսակիցներին ու համախոհներին՝ ասելով, թե քաղաքական խրամատը չի լքելու:
«Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ և իմ անցած կյանքով ապացուցել եմ` ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, ես կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի, հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Սրանում կարող եք վստահ լինել»,- ասել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում