«Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ։ Ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, բայց երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը»․ Սերժ Սարգսյան

Հարգելի՛ հայրենակիցներ,

Հարգելի՛ կուսակիցներ,

Երկու տարի առաջ «թխվեց, կարվեց» մի քրեական գործ, որի շրջանակներում ինձ անհեթեթ մեղադրանք առաջադրվեց, և գործն ուղարկվեց դատարան:
Հիշում եք՝ անցյալ տարի, հենց այստեղ ես ասացի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ոմանք չհասկացան, թե ինչու չեմ խոսում անհեթեթ «դիզելի գործի» մասին, այլ խոսում եմ ազգային խնդիրների մասին. ոմանք տարակուսեցին, իսկ ոմանք նույնիսկ փորձեցին հեգնել: Բայց մենք` ձեզ հետ միասին զգում էինք, տեսնում էինք, կանխատեսում էինք, թե ինչի համար են այս հետապնդումները, այս ապօրինությունները: Այս ապօրինությունները ոչ միայն իմ նկատմամբ էին. կային շատ ճչացող ապօրինություններ: Այս հետապնդումները, ինչպես արդեն հրապարակավ ասել եմ, 2018 թվականից Հայաստանում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն էին, որոնց նպատակն էր վարկաբեկել Արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց, թաղել Ղարաբաղի հարցը և մեր ազգային իղձերը:

Մենք շարունակելու ենք մեր պայքարը: Հիմա ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել հետևյալը, որ մեր ուղերձները, մեր զգուշացումները հանրային լայն արձագանք չունեցան: Պահանջվեց մի ամբողջ արյունալի պատերազմ` հսկայական զոհերով և հայրենազրկմամբ, որպեսզի մեր ժողովրդի աչքերը բացվեին, որպեսզի մարդիկ հասկանային այս իշխանությունների մտադրություններն ու էությունը:

Եվ այսօր ևս ցանկանում եմ մի ուղերձ հղել: Ուղերձ՝ հանուն վերջին 33 տարիներին Հայաստանի ինքնիշխանության համար զոհված հերոսների, հանուն թափված արյան, հանուն մեր հայրենիքի արցախյան հատվածի և Հայաստանի ապագայի: Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Արցախի կարգավիճակը լուծված է` լինեն նրանք Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս, պետք է հասկանան, որ Արցախը, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Ցավոք սրտի, հնարավոր չէր ողբերգությունը կանխել, բայց ես տեսնում եմ այդ ողբերգությունից հառնելու ճանապարհը:
Կապիտուլյանտները պետք է հեռանան: Ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, որն օր առաջ պետք է լծվի Հայաստանի անվտանգության և մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացման գործին: Այլ ճանապարհ չկա: Այլընտրանք չկա:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Հարգելի՛ կուսակիցներ,

Այս երեք տարիների ընթացքում մենք նաև կուսակցական կորուստներ ունեցանք, բայց նաև կոփվեցինք, մեր շարքերը բյուրեղացան, և մենք այսօր ևս ունենք պրոֆեսիոնալ ու մրցունակ թիմ և պայքարելու ենք մեր ազգային և ուժեղ պետության համար:
Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ և իմ անցած կյանքով ապացուցել եմ` ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, ես կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի, հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Սրանում կարող եք վստահ լինել:

Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է: Մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված և ազնիվ:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր սատարման համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այստեղ գտնվելու համար և ուզում եմ խնդրել, որպեսզի չսպասեք մինչև դատական
նիստի ավարտը, որովհետև մեզանից յուրաքանչյուրը, հատկապես այս իրավիճակում, ունի նաև բազմաթիվ այլ գործեր:

Ուզում եմ, որպեսզի բոլորս միասին գոչենք. Կեցցե՛ Հայաստանը:

Շնորհակալ եմ:

Սերժ Սարգսյան

Տեսանյութեր

Լրահոս