Բաժիններ՝

ԿԲ-ն երեք հուշադրամ է դրել շրջանառության մեջ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտնում է 3 հուշադրամ շրջանառության մեջ դնելու մասին։ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի կազմակերպման 100-ամյակ

Թբիլիսիում հայկական ներկայացումներ կազմակերպվել են 1820-ական թթ-ից: Հայկական թատրոնը՝ որպես պրոֆեսիոնալ կառույց, հիմնադրվել է 1858թ․ և դարձել արևելահայ թատրոնի բնօրրանի լավագույն ավանդույթների անմիջական ժառանգորդը՝ ձեռնամուխ լինելով հայ նոր թատերարվեստի ստեղծմանը: 1921 թ. թատրոնը կազմակերպվել է որպես հայկական պետական դրամատիկական թատրոն: Բացումը տեղի է ունեցել Արտիստական թատրոնում (այժմ՝ Ռուսթավելու անվան թատրոն) Օ․ Միրբոյի «Ժան Ռուլ» պիեսի ներկայացումով (ռեժիսոր՝ Ա. Բերոյան):

Հիմնադիր կազմում էին Ի․ Ալիխանյանը, Ա․ Վրույրը, Օ․ Մայսուրյանը, Ա․ և Մ․ Բերոյանները, Զաբելը, Ա․ Ռշտունին և ուրիշներ։ Առաջին տարիներին ներկայացումները տրվել են Թբիլիսիի տարբեր թատրոններում։ 1936 թ․ թատրոնը տեղափոխվել է Հավլաբար թաղամասում կառուցված նոր շենքը (առաջին ներկայացումը՝ Ջանանի «Շահնամե») և սկսվել է թատրոնի ստեղծագործական վերելքի շրջանը:

Այդ տարիներին բեմադրվել են ինչպես ազգային, այնպես էլ ռուս և արևմտաեվրոպական հեղինակների պիեսներ: 1955-1991 թթ. թատրոնը կոչվել է Ս. Շահումյանի, 1991 թ-ից՝ Պ. Ադամյանի անունով: Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնում հյուրախաղերով հանդես են եկել Վ. Փափազյանը, Հ. Աբելյանը, Վ. Վաղարշյանը, Հ. Ներսիսյանը, Գ. Ջանիբեկյանը և այլ հայ ականավոր արտիստներ: Ներկայում Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը համարվում է վրաց-հայկական մշակութային և հասարակական հիմնական կենտրոններից մեկը։

Դիմերես՝ Պետրոս Ադամյանի խաղացանկից` Համլետի դերը խորհրդանշող ոճավորված պատկեր և դերասանուհու կերպար:
Դարձերես՝ Պետրոս Ադամյանի դիմաքանդակը (հեղինակ` քանդակագործ Արա Սարգսյան) և թատրոնի շենքի գրաֆիկական պատկերը:
Էսքիզների հեղինակներ` Վարդան Վարդանյան (դիմերես) և Լուսինե Լալայան (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը`արծաթ 9250
Քաշը 33,6 գ
Տրամագիծը 40,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Թողարկման քանակը 500 հատ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակ

Հայաստանի առաջին պետական թատրոնը հիմնադրվել է Երևանում, 1921 թ. օգոստոսի 16-ին: Թատրոնի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1922 թ․ հունվարի 25-ին Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» ներկայացմամբ։ 1937 թ․ թատրոնը վերանվանվել է Գաբրիել Սունդուկյանի անունով: Թատրոնն իր շուրջն է հավաքել աշխարհի տարբեր երկրներում ապրող լավագույն հայ թատերական գործիչներին և 20-րդ դարի հայկական մշակույթի դիմագիծը կազմող արվեստագետներին։ Տասնյակ տարիների հսկայածավալ աշխատանքի և ներդրումների շնորհիվ դարձել է հայկական թատերական արվեստի կենտրոնը: Մինչ օրս ժողովուրդն այն կոչում է «ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆ»։ Հիմնադրումից մինչև 1938 թ․ թատրոնն իր գործունեությունն իրականացրել է Հանրապետության Հրապարակի վրա գտնվող հիմնական շենքերից մեկում, ապա տեղափոխվել է նոր շենք՝ ներկայիս Անգլիական այգում: 1962 թ․ թատրոնի շենքն այրվել է: Այն վերակառուցվել է նույն վայրում և վերաբացվել 1966 թ․մարտի 5-ին: 1950-70-ական թթ․ թատրոնը ԽՍՀՄ ամենանշանավոր թատրոններից մեկն է եղել։ Թատրոնի՝ հատկապես շեքսպիրյան ներկայացումների հաջողություններով պայմանավորված՝ ԽՍՀՄ-ում կազմակերպվող առաջին շեքսպիրյան փառատոնը և կոնֆերանսը անցկացվել են Երևանում։ 1960 թ․ թատրոնը դարձել է ակադեմիական, իսկ 1996 թ․՝ ազգային: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը մշտապես աչքի է ընկել տարբեր սերունդների դերասանների ու ռեժիսորների ստեղծագործական համագործակցությամբ: Հավատարիմ մնալով իր հարյուրամյա պատմությանն ու ավանդույթներին՝ թատրոնն, այնուամենայնիվ, մնում է երիտասարդ՝ հնի և նորի յուրօրինակ զուգորդումներով:

Դիմերես՝ Գաբրիել Սունդուկյանի հուշատախտակը և «Պեպո» պիեսի բեմադրությունից` թղթի և թելի ոճավորված պատկերներ:

Դարձերես՝ թատրոնի շենքի գծագիրը, թատրոնի պատկերանիշը և հայկական զարդանախշ: Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան։

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում։

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը/հարգը արծաթ 9250

Քաշը 33,6 գ

Տրամագիծը 40,0 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Թողարկման քանակը 500 հատ

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 200-ամյակ

 

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հիմնադրվել է 1821 թ. Կալկաթայի (Հնդկաստան) Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու մերձակայքում՝ ջուղայեցի բարերարներ Ա. Մուրադխանյանի և Մ. Վարդանյանի նախաձեռնությամբ: Տարբեր տարիներին ճեմարանին են միացվել Գալուցյան և Դավիթյան օրիորդաց հայկական դպրոցները, հաստատությունը համալրվել է գիշերօթիկ բաժնով: 1824 թ-ից, շուրջ 50 տարի, ճեմարանում գործել է նաև տպարան: 1828-ին հիմնվել է Արարատյան գրադարանը, որն ունեցել է հայկական գրքերի և ձեռագրերի ժամանակի ամենամեծ հավաքածուն: 1999 թ. Կալկաթայի Գերագույն դատարանի որոշմամբ ճեմարանը հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խնամակալությանը՝ ի դեմս Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ում վերապահվել է ճեմարանի գործունեությունը տնօրինելու իրավունքը։ Ճեմարանում դասավանդում են հայագիտական և բնագիտական մի շարք առարկաներ, իսկ կրթական ծրագրերը կազմված են այնպես, որ շրջանավարտները հեշտությամբ կարող են ընդունվել Հնդկաստանի ուսումնական հաստատություններ: Իր գործունեության 200 տարիների ընթացքում ճեմարանում կրթություն են ստացել հազարավոր հայ երեխաներ Իրանից, Իրաքից, Մյանմարից, Հնդկաստանից և Հայաստանից։ Այստեղ իրականացվում են բազմաթիվ ակադեմիական և մշակութային ծրագրեր, որոնք ավելի սերտ ու բազմակողմանի են դարձնում կապերը հայրենիքի հետ: Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայկական սփյուռքի հայեցի կրթության և դաստիարակության օրրաններից և ամենաազդեցիկ կրթական հաստատություններից մեկն է:

Դիմերես՝ Կալկաթայի Հայոց ճեմարանի շենքի և Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու պատկերներից հատվածներ։

Դարձերես՝ Հայոց ճեմարանի պատկերանիշը։

Էսքիզների հեղինակ` Լուսինե Լալայան:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը/հարգը արծաթ 9250

Քաշը 33,6 գ

Տրամագիծը 40,0 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Թողարկման քանակը 300 հատ

Ծանուցում: Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով: Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին: Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար: ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների և դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ և մետաղադրամներ» – «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում: Ձեռքբերված հուշադրամները և այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման և փոխանակման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս