Բաժիններ՝

 Ձնաբքի հետևանքով մահացած Աղասին 29 տարեկան էր, ունի 10 ամսական երեխա

ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում մոլորվելու հետևանքով մահացած պայմանագրային զինծառայող Աղասի Հովհաննիսյանը 29 տարեկան էր, ամուսնացած, ունի մեկ մանկահասակ երեխա՝ 10 ամսական։

«Հովհաննիսյան Աղասին 1992 թվի ծնված է, ահագին ժամանակ է, որ պայմանագրային էր։ Խոսակցություններ կան՝ հացը վերջացած է եղել, գնացել են ցածի պոստից հաց բերեն․․․ Հիմա՝ չե՞ն հասել, թե՞ հասել են՝ հետ գալուց է դեպքը եղել, պատմող չկա․․․ Երեկ երեկոյան մոտ 1 ժամ Աղասիենց տանն եմ եղել, բայց դեպքի հանգամանքների մասին մանրամասներ չեն հայտնում․․․ Իսկ մյուս զինծառայողը, որը Աղասիի հետ ձնաբքի մեջ է հայտնվել և հիմա հիվանդանոցում է, մեր գյուղացի չէ, որ մեր մոտից լիներ, հիմա այցելած կլինեինք, տեղեկություններ կունենայինք, նա Արմավիրի մարզից է»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ մահացած Աղասին մեկ եղբայր ունի, որը Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում։

Աղասի Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունն այսօր է՝ Արագածավանում, վաղը տեղի կունենա նրա հուղարկավորությունը։

Հիշեցնենք, որ մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը պայմանագրային զինծառայողներ Կարեն Շահնազարյանի և Աղասի Հովհաննիսյանի հետ։ Նույն օրը մեկնարկել էին լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց խանգարում էր չդադարող բուքը։

Մարտի 22-ին, օրվա երկրորդ կեսին, հաջողվել էր տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը։ Ձեռնարկվել էին անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին տարհանելու ուղղությամբ։ Եղանակային ծայրահեղ բարդ պայմաններում տարհանման աշխատանքներն իրականացնելուց հետո Կարեն Շահնազարյանը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում էր ծանր։ Ցավոք, Աղասի Հովհաննիսյանի կյանքը փրկել չի հաջողվել։

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս