Դատարանը վերացրել է Արա Բաբլոյանի խափանման միջոցը

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօրվա դատական նիստում բավարարել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի շահերի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը՝ Արա Բաբլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր կայացավ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի վերաբերյալ ծայրահեղ անհիմն, իրավունքից դուրս գտնվող քրեական գործով հերթական նիստը, որի արդյունքում ԴԱՏԱՎՈՐ Մանուկյանը որոշեց բավարարել իմ միջնորդությունը և ՎԵՐԱՑՆԵԼ Արա Բաբլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

Նիստի ընթացքում միջնորդություն էի ներկայացրել Արա Բաբլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին առհասարակ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ։ Հիմքերից մեկը հանդիսանում էր այն, որ 2020 թվականից մինչ օրս պարոն Բաբլոյանը 4 անգամ թույլտվություն էր ստացել կարճ ժամանակով մեկնելու Հայաստանից և դրանցից երեքի դեպքում մեկնել է և սահմանված ժամկետից շուտ վերադարձել։ Իսկ մեկ դեպքում, որն ի դեպ տրամադրվել էր 2020 թվականի մարտ ամսին մեկնելու վերաբերյալ և հենց Գլխավոր դատախազության կողմից՝ նախաքննության փուլում առհասարակ չէր օգտվել կորոնավիրուսային համավարակով պայմանավորված։

Չնայած այս հանգամանքներին դատախազությունը ինչպես միշտ առարկեց միջնորդությանը, սակայն ԴԱՏԱՐԱՆԸ իրապես իրացրեց արդարադատություն։ Իրավապահ մարմինները պետք է գիտակցեն, որ խափանման միջոցը «բոլոր դեպքերում» կիրառելու համար չէ, այն պետք է ունենա իրական հիմքեր, իսկ եթե դրանք չկան՝ պարզապես ենթակա է ՎԵՐԱՑՄԱՆ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով, առ այն, որ նա 2018թ․ որպես  ՀՀ ԱԺ նախագահ՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Գործով մեղադրյալ է նաև ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը: Նրան մեղադրանք է առաջադրվել նույն՝ Քրեական օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով:

 

Տեսանյութեր

Լրահոս