«Մարդիկ ազատ են, որևէ մեկը չի բռնանալու, մարդիկ ազատ շնչում են, թողեք շնչեն». ԿԳՄՍ նախարարը՝ Փաշինյանի մարզային այցին երեխաների ներկայության մասին

Կրթության, Գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ շուտով Բարձրագույն որակավորման կոմիտեն նոր նախագահ կունենա։ Թե վեց ամիս թափուր մնացած ԲՈԿ նախագահի պաշտոնն ով կզբաղեցնի, նախարարը չակերտները չբացեց, պարզապես  խորհրդավոր ժպիտով նշեց՝ «կլինի՝ կիմանաք»։

«Այսօր նախարարությունում գործընթացները գնում են կարգին համապատասխան, դա դուր է  գալիս մեր որևէ մի գործընկերոջ, թե դուր չի գալիս, այլ խնդիր է»,- նշեց ԿԳՄՍ նախարարը՝ պատասխանելով ԲՈԿ նախկին նախարար Սմբատ Գոգյանի այն հայտարարությանը, որ ԲՈԿ-ի և ԿԳՄՍ նախարարության մոտեցումները տարբեր ուղով էին գնում։

Հարցին՝ ինչպես է վերաբերվում Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանը պետք է թողնի պաշտոնը և ապաստանի արտերկրում, ԿԳՄՍ նախարարը պատասխանեց, որ չի ցանկանում մեկնաբանել այդ թեման, և լրագրողներից պահանջեց իրեն տալ պրոֆեսիոնալ հարցեր։

«Իհարկե, ես քաղաքական պաշտոն եմ զբաղեցնում, քաղաքական թիմի անդամ եմ, այստեղ որևէ խնդիր չկա, դուք ուզում եք ստանալ այն հարցի պատասխանը, որին ես չեմ պատասխանում»,- շեշտեց նա։

Դիտարկմանը՝ մտահոգություններ կան, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում կօգտագործվի վարչական ռեսուրսը, այդ թվում՝ դպրոցների, նախարարը արձագանքեց՝ նման մտահոգությունների չի հանդիպել։

«Եթե դուք ակնկալում եք հստակ պատասխան, ուրեմն՝ ձևակերպեք հստակ հարց, ոչ թե բառակույտ։ Ես չեմ պատրաստվում պատահական վայրերում, պատահական դեմքերից հնչեցրած մտքերին մեկնաբանություններ տալ և մամուլի խոսնակի դեր կատարել։ Եթե իմ կարծիքն եք հարցնում, հարցրեք, ես հստակ կպատասխանեմ՝ չի լինելու նման բան»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է Արագածոտնի մարզ կատարած Նիկոլ Փաշինյանի այցին, որին մեծաթիվ երեխաներ էին ներկա, նախարարն ասաց, որ իրենք որևէ առնչություն այդ երեխաների այնտեղ գտնվելու հետ  չունեն։

«Մարդիկ ազատ են, որևէ մեկը չի բռնանալու, մարդիկ ազատ շնչում են, թողեք շնչեն։ Երազանք չէ, բայց կարծում եմ՝ երեխաները ցանկություն ունեցել են գնալ ու լսել Փաշինյանին։ Եթե դուք էլ երեխաների փոխարեն լինեիք, դուք էլ ձեր ցանկությամբ կգնայիք, այնտեղ կկանգնեիք, եթե այդ տարիքում լինեիք»,- ընդգծեց Վահրամ Դումանյանը։

Տեսանյութեր

Լրահոս