«Տեղյակ չեմ, թե Գոռ Վարդանյանն ինչ կարգավիճակով է գնում համալսարան». ԿԳՄՍ նախարարը՝ Պոլիտեխնիկի ռեկտորի մասին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի պնդմամբ՝ Պոլիտեխնիկական համալսարանում որևէ ռեկտորի նշանակում չկա։
«Ուրեմն՝ եղել է գործընթաց, եթե չեմ սխալվում, ուրբաթ օրը մենք ստացել ենք փաստաթղթեր՝ խորհրդի նախագահի կողմից ուղարկված, որոնք հիմա կուսումնասիրվեն և սահմանված կարգով որոշում կկայացվի։ Այնտեղ որոշակի հարցեր կան, որոնք պետք է պարզաբանվեն։ Չէի ցանկանա հիմա հարցերի մասին կոնկրետ խոսել, որովհետև կան տարբեր կարծիքներ, ըստ մեր ներակայցուցիչների, որոնք ներկա են եղել խորհրդի նիստին, եղել են որոշակի հարցեր, որոնց պատասխաններն իրենք չեն ստացել, աշխատանքային կարգով այդ բոլոր հարցերը կուսումնասիրվեն»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Վահրամ Դումանյանը։
Նա խոստացավ, որ ամեն ինչ լինելու է թափանցիկ, որպեսզի կայացվող ցանկացած որոշում լինի հիմնավոր և բոլորի համար պարզ։
«Ես չեմ կարող խնդիրը ներկայացնել, մինչև խնդիրը չվերլուծվի, այն, ինչը մամուլում տարածում եք, ինձանից լավ քաջատեղյակ եք, իհարկե, ունեմ մեր անձնական ներկայացուցչի տպավորությունը, լսել եմ նրանց կարծիքը»,- հավելեց նա։
Հարցին՝ ընտրված ռեկտորն իշխանության սրտով չէ՞, Վահրամ Դումանյանը պաատսխանեց, որ նման բան կիրառելի չէ՝ կա գործընթաց, և սահմանված կարգով և ինչը կլինի օրինական և կարգին համապատասխան, այն էլ կգրանցվի՝ որպես որոշում։
«Ես տեղյակ չեմ՝ հիմա Գոռ Վարդանյանն ինչ կարգավիճակով է գնում համալսարան, ես Գոռ Վարդանյանին չեմ ճանաչում և մյուս թեկնածուներին էլ անձամբ չեմ ճանաչում, չգիտեմ՝ ով, ուր, ինչ կարգավիճակով է գնում։ Ես չգիտեմ՝ ով ում սանիկն է, եկեք անձնական հարաբերություններ չմեկնաբանենք, թե ով ում հետ ինչ բարեկամական ու ընկերական հարաբերություններ ունի, անձնական հարաբերությունները մեր դաշտից դուրս են»,- շեշտեց նախարարը։
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրություններում հաղթել էր Գոռ Վարդանյանը, որից հետո խորհրդի կազմում ընդգրկված անդամները հայտարարել էին, որ արդյունքներն իրենց սրտով չեն և բողոքարկելու են։