«Բա մարդ այնքան լկտի լինի, որ իրեն աճեցրած, իր քաղաքական կնքահորը պատասխան տա՞, անաղուհացի մեկն է, էլի». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այն քաղաքական գործիչն է, որն իր ամբողջ կյանքում առաջնորդվել է հակասական հայտարարություններով, հետևաբար՝ չի պատկերացնում, թե նրա գլխավորությամբ ինչպես են գնալու արտահերթ ընտրությունների։
«Ես չեմ հասկանում, նա սնայպերներո՞վ է գնալու ընտրությունների, նա ամեն մի մարզ գնալուց մի 5 հազար ոստիկա՞ն է տանելու, մի 1000 հոգի ԱԱԾ աշխատակից, մի 20 հոգի էլ սնայպեր։ Մի մարդ էլ կանգնի, ասի՝ ես քո հրաժարականն եմ պահանջում, կանգնի ճակատից խփի՞»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էդուարդ Շարմազանովը։
Նա համոզված է՝ Նիկոլ Փաշինյանը պատերազմից առաջ և հետո այնքան սխալ քայլեր է արել, որ դրանց համար պետք է ենթարկվի քաղաքական, բարոյական և իրավական պատասխանատվության։
«ՀՀԿ-ի օրակարգը հստակ է՝ սրա հրաժարական, և մենք ասել ենք, որ մենք խրամատը չենք լքելու։ Մենք երեք տարի միակ քաղաքական ուժն ենք եղել, որն առանց հովհարային անջատումների՝ սրա դեմ պայքարել ենք։ Եթե մեր կամքից անկախ՝ կանգնենք փաստի առաջ, որ պետք է լինեն արտահերթ ընտրություններ, այդ ժամանակ կքննարկենք, իսկ այսօր մեր օրակարգը հստակ է՝ ամեն ինչ անել, որպեսզի սա հեռանա։ Բա մարդ այնքան լկտի լինի, որ իրեն աճեցրած, իր քաղաքական կնքահորը պատասխան տա՞, անաղուհացի մեկն է, էլի։ Սրա կողմից կազմակերպած ընտրությունները նորից քաղաքական բախումների փորձ է լինելու, գուցե պատվերը ստացել է, որ Հայաստանում քաղաքացիական բախումներ թույլ տա»,- շեշտեց Է. Շարմազանովը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում