«Եռակողմ հայտարարությունից հետո Նիկոլի մնալը հանգեցրեց GPS-ով հայրենիքի կորստին». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ երեք տարի շարունակ Ադրբեջանի նախագահը Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցնում է ամենաստոր վիրավորանքները, սակայն վերջինս չի պատասխանում դրանց, որից կարելի է մի քանի բան մտածել՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ Ալիևը կոմպրոմատներ ունի, կա՛մ Փաշինյանը նրա պատվերն է կատարում, կա՛մ էլ գիտակցաբար պաշտպանում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը։
«Ալիևին պատասխանելու փոխարեն՝ երեք տարի Նիկոլը խոսում է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մնացած բոլոր ազգային գործիչների դեմ։ Մենք այս իշխանության թեման կարող ենք փակել այն ժամանակ, երբ կլինի հայկական Նյուրնբերգը, որևէ մեկի մտքով թող չանցնի, որ հայկական Նյուրբերգ չի լինելու։ Երբ ասում է՝ եթե ժողովուրդը որոշի, ապա իրեն կարող են պատի տակ գնդակահարել, այդ լացակումած բաներին թող վերջ տա, նախ՝ ժողովուրդը չի որոշում, այլ դատարանը։ Ինքը հայ ժողովրդին կենդանի է պետք ու իր փաստաբանով, որպեսզի լինի դատավարություն, և նա մանրամասն պատմի, թե այս ամենն ինչպես է եղել։ Երբ պարզ դառնա, որ սա չի համաձայնել Ռուսաստանի նախագահի պատերազմը կանգնեցնելու առաջարկին, և այդ ժամանակ հարավում շատ քիչ շրջանների կորուստ կար, այն ժամանակ մանրամասն ամեն ինչ թող պատմի»,- նշեց Է. Շարմազանովը։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ ընտրության օր նշանակի, այն էլ՝ ֆեյսբուքյան մեկ գրառումով։ Հետևաբար՝ բոլոր քաղաքական ուժերի օրակարգը պետք է մեկը լինի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական ու հեռացում։
Նա նաև շեշտեց, որ պատերազմը Նիկոլ Փաշինյանն է բերել՝ իր անհեռատես քաղաքականության պատճառով։
«Ես հոկտեմբերի 12-ին Կառավարությունում արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Նիկոլին ասել եմ, որ պատերազմն իր պատճառով է եղել։ Հայ ժողովուրդն ունի գենետիկ հիշողություն, արժանապատվություն, հետևաբար՝ սա ու սրա խունտայի իշխանության մնալը ծրագիր է, որը հանգեցնելու է Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելուն։ Սա իր ազգային նսեմացման քաղաքականությունը շարունակում է արդարացնել, եթե ամոթ ուներ՝ ինքն իրեն կխփեր, սա չի պարտվել, սա տվել է, թուրքի առաջ ծնկի է եկել։ Եռակողմ հայտարարությունից հետո Նիկոլի մնալը հանգեցրեց GPS-ով հայրենիքի կորստին»,- հավելեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում