Որպես կանոն, այդ ամբողջ գործընթացը մեկ ամիս տևում է. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը՝ շահառուներին գումարի փոխանցման մասին
Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ամուսնուն կորցրած Հադրութի բնակիչ Ռաթխա Ավագիմյանը, ով երեք անչափահաս երեխաների հետ ժամանակավոր բնակվում է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում՝ 168.am-ին հայտնել էր, որ վարձով են բնակվում, կառավարության կողմից ստացած սոցիալական աջակցության ծրագրից օգտվել է, և ամբողջ գումարով տան վարձն է մուծել ու կոմունալ վճարումները կատարել, իսկ հիմա աշխատանքի բացակայության հետևանքով չի կարողանում օրվա հոգսերը հոգալ:
«Երեք երեխաներս անչափահաս են, իսկ չափահաս որդիս ծառայում է բանակում։ 70․000 դրամ տան վարձ են ուզում, դժվարանում եմ ամեն հարցում։ Ոչ մի բան չենք հասցրել բերել: Ամուսինս՝ Գալստյան Նվերը, 42 տարեկան էր, սպա, 20 տարի է՝ ծառայում էր Հադրութում։ Նոյեմբերի 7-ին Շուշիում իր 60 հոգանոց զորքին փրկել է, սակայն ինքը չի կարողացել փրկվել, շրջափակման մեջ է ընկել»,- պատմեց տիկին Ռաթխան:
Նա հայտնեց, որ ևս մեկ խնդիր կա, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից զոհված ընտանիքներին հատկացվող գումարից դեռևս չի օգտվել, ասաց՝ չգիտի, թե որն է ձգձգման պատճառը:
Գոնե գումարը տան, որ կարողանամ երեխաներին պահել, չեմ կարողանում սնունդ գնել, կոմունալները վճարել»,- նշեց նա:
Նշված խնդրի հետ կապված պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեցինք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ:
«Այս պահին մեզ մոտ 850 գործ կա, որն ուսումնասիրման փուլում է: Այսինքն` ամեն օր ավելանում է, նոր գործեր ենք ստանում, իսկ ուսումնասիրված գործերը, երբ հաշիվները բացում ենք՝ գումարները փոխանցում ենք: Դա ամենօրյա գործընթաց է: Կոնկրետ չեմ կարող ասել, թե այս կամ այն մարդունը երբ կլինի: Պաշտպանության նախարարությունից թղթերը ստանալուց հետո, որպես կանոն, այդ ամբողջ գործընթացը՝ ուսումնասիրումը, հաշիվների բացումը, մեկ ամիս տևում է, և դրանից հետո մենք հրապարակում ենք ցուցակները: Օրինակ, այսօր արդեն 150 նոր շահառուի ցուցակ կհրապարակվի»,- մանրամասնեց Վարուժան Ավետիքյանը:
Իսկ ընտանիքին օգնել հնարավոր է՝ նշված հաշվեհամարի միջոցով, որը Ռաթխա Ավագիմյանի անունով է․ «Արդշինբանկ» 9051155201057180։