Բաժիններ՝

Մարտունու վարչակազմի ղեկավարը՝ «հրկիզված» համաքաղաքացու դեպքի մասին

Արցախի Հանրապետության ոստիկանությունը նախ՝ մարտի 20-ին, ապա՝ մարտի 22-ին հայտնեց, որ հայտնաբերել է ԱՀ բնակիչների հրկիզված դիեր:

Առաջին հաղորդագրությամբ մասնավորապես նշվում էր. «ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Մարտունի քաղաքի Մայիսի 9 փողոցի բնակարաններից մեկի տան բակում հայտնաբերվել է կնոջ դի՝ հրկիզված վիճակում:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Մարտունի քաղաքի բնակչուհի Գ.Ղ.-ն, ծնված 1980 թվականին, նախնական տվյալներով՝ կատարել է ինքնասպանություն: Վերջինիս բնակարանում հայտնաբերվել է նաև գրություն: Գ.Ղ.-ն նախապես հայտնել է, որ իր կյանքին վերջ է տալիս անբուժելի հիվանդություն ունենալու պատճառով:

ԱՀ քննչական կոմիտեի կողմից կատարվում է նախաքննություն»:

Կրկին Մարտունու շրջանում արդեն մարտի 22-ին հայտնաբերվել էր Կարմիր շուկա համայնքի բնակիչ Վրեժ Պողոսյանի դին` կրկին հրկիզված վիճակում:

«Ինչպես նախապես հայտնել էինք, Վրեժ Պողոսյանը մարտի 21-ին, երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում, դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:

Դեպքի մանրամասները պարզելու առթիվ ԱՀ քննչական կոմիտեի կողմից կատարվում է նախաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը»,- նշվում էր հաղորդագրության մեջ:

Արցախի Քննչական կոմիտեից էլ տեղեկացրել էին, որ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի դատավարական և քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։

Բավականին տարօրինակ է երկու օրում նույն տարածքում երկու հրկիզման մասին լուրի առկայությունը։ Թեման լայնորեն քննարկվեց լրատվամիջոցներում և սոցիալական հարթակներում:

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նույնիսկ հետևյալ եզրակացությունն էր արել․

«Համակեցության մասին հեքիաթ պատմողներն ի՞նչ կասեն Կարմիր Շուկայի տարածքում Հայ տղամարդու հրկիզված դիակի մասին։

Ի դեպ, ասեմ, որ թուրքը, այսպես ասած, անհավատներին մատաղ անելու, իսկ Նովրուզին՝ նաև հրկիզելու սովորություն ունեն։

Չփորձեք մեր երկիրը հայաթափեք, մտքներիդ ծայրով չանցկացնեք մեզ համոզել, որ ճանապարհների ապաշրջափակումն ու համակեցությունը մեր ապագան է, դա մեր վերջնական կործանումն է և այս տարածաշրջանից ընդմիշտ Հայի հետքի վերացման հիմքը»։

Վերջին «հրկիզման» առնչությամբ 168.amՄարտունու վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք հավաստի են լուրերը, թե ադրբեջանցիների կողմից է արվել, ի պատասխան՝ նա հորդորեց հետևել պաշտոնական լրահոսին. «Քննություն է ընթանում. կավարտվի՝ կպատասխանեմ»:

Դեպքից հետո հասարակական տրամադրություններին անդրադառնալով՝ Մարտունու վարչակազմի ղեկավարը վստահեցրեց. «Նորմալ է, ոչ մի բան էլ չկա, մտահոգություն չկա»:

Կարմիր շուկայի վերաբերյալ պարբերաբար տարածվող լուրերի մասին մեր հարցադրումներին Էդիկ Ավանեսյան հրաժարվեց պատասխանել՝ նկատելով. «Սոցիալական ցանցերում ինչ գրում են՝ ոչ կարդում եմ, ոչ էլ ուզում եմ մեկնաբանել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս