Հայաստանից նորակոչիկներ չե՞ն գնա Արցախ. տելեգրամյան ալիքը հաստատում է, Արցախի նախագահի խոսնակը՝ ոչ հերքում, ոչ հաստատում
«Հայաստանը Արցախից դուրս է բերում զորքերը»,- տեղեկությունն առավոտյան հայտնել է Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքը՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրներին:
Ըստ @bagramyan26-ի՝ Արցախում կմնան միայն տեղի բնակիչներից կազմված ստորաբաժանումները, և Հայաստանից զորակոչիկներն այլևս չեն մեկնի ծառայելու Արցախում:
168.am-ը պաշտոնական մեկնաբանության համար դիմեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին: Նա մասնավորապես նշեց՝ պաշտոնական որևէ դիրքորոշում չի կարող հայտնել.
«Ով այդ տեղեկությունը տարածել է, թող ինքն էլ մեկնաբանի՝ որքանով է դա իրականությանը համապատասխանում»:
ԱՀ նախագահի խոսնակը ճշգրտելուց հետո, թե կոնկրետ ինչ աղբյուրների է հղում տվել տելեգրամյան ալիքը, հավելեց.
«Արցախում այժմ բանակին վերաբերող օրենսդրությունը փոխվում է. այդ փոփոխություններից հետո՝ ավելի հստակ․․․ քանի որ քննարկման փուլում է, ես չեմ ուզում որևէ բան ասել: Բայց ինչ վերաբերում է Հայաստանից այստեղ նորակոչիկների ծառայությանը, ապա այդ հարցերով ավելի ճիշտ կլինի, որպեսզի դիմեք Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին:
Երբ Արցախի օրենսդրությունը փոխվեց, մենք ունեցանք հստակ նախագիծ՝ ԱԺ ընթացակարգն անցած, այն ժամանակ արդեն մեկնաբանություն կլինի այն մասին, թե մենք Արցախում ինչպիսի Զինված ուժեր կունենանք»:
Նկատենք՝ քանի որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը, որն իրավասու է հստակ պաշտոնական մեկնաբանությամբ հանդես գալ, լռության ուխտ է արել և մեր հարցերին հիմնականում գրավոր են պատասխանում՝ այն էլ շաբաթներ անց, մենք ՊՆ արձագանքը կհրապարակնեք ավելի ուշ, եթե, իհարկե, լինի այդ պատասխանը: