Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է փրկել Նիկոլին, նրան չի հետաքրքրում մեր երկրի ճակատագիրը. Ռուբեն Հայրապետյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն օրերս ներկայացրել էր ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման իր պատկերացրած ելքը, որում նշել էր, թե իր կարծիքով՝ թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ Նիկոլ Փաշինյանի շահերից բխող միակ ելքը վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում, ինչին պետք է հաջորդի վարչապետի պարտականությունների դրվելն անկուսակցական փոխվարչապետի վրա:

ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը 168.amի «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց, թե Լևոն Տեր-Պետրոսյանն այս կերպ փորձում է պաշտպանել Փաշինյանին:

«Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է հիմա ամեն ձևով փրկել, պաշտպանել Նիկոլին: Ինչ-ինչ, Լևոն Տեր-Պետրոսյանը խելացի մարդ է, ինքը հո Նիկոլի նմա՞ն չի: Ինքը գիտի, շատ լավ հասկանում է, որ այս արարքների համար, ինչ արել է Նիկոլը մեր հայրենիքի նկատմամբ, ինքը լավ գիտակցում է՝ ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին: Դրա համար էլ նա փորձում է այս պահին Նիկոլին  փրկի: Նա հո չի՞ մտածում իր հայրենիքի մասին կամ արդար ընտրության մասին: Լևոն Տեր-Պետրոսյանին դա ընդհանրապես չի հետաքրքրում՝ մեր հայրենիքի ճակատագիրը: Իմ անձնական կարծիքն է: Այս պահին ինքն իր առաջ խնդիր է դրել՝ փրկել Նիկոլին…

Նիկոլին Նիկոլ դարձրել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Ինչ-ինչ՝ ես այդ բաները շատ լավ գիտեմ: Մեկ այլ բան է, որ Նիկոլը մեծամիտ ու անմեղսունակ տղա է, ինքը չի սիրում լսել որևէ մեկին և չունի որևէ սրբություն: Ինքը ցանկացած մարդու, մտերիմի վրայով կգնա՝ իր նպատակին հասնելու: Նույնիսկ իր երեխեքին է ինքը պատրաստ զոհաբերել, որն անում է: Իր երեխեքին դարձրել է PR-ի առարկա»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս