«Տղերքի հողոտ, ցեխոտ ոսկորները պարկերի մեջ նեխում են»․ անհետ կորածների հարազատները տեսել են դիահերձարանում
2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի մասնակից Դավիթ Կատանյանը, որի հարազատ եղբայրն անհետ կորած է համարվում, երեկ երեկոյան 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ դեռ հունվարի 9-ին է եղել Զանգելանում և հայտնաբերել դիակներով թաղված փոսը։ Մասունքները հունվարի 11-ից փոխանցել են 4 դիահերձարանների, որպեսզի փորձանմուշներ վերցվեն և ուղարկվեն ԴՆԹ փորձաքննության, սակայն գործընթացն այնքան են ուշացրել, որ երեկ ստիպված մտել է դիահերձարաններից մեկն ու ականատես եղել սարսափելի տեսարանի՝ դիակները նույն վիճակում են՝ հողոտ, ինչի հետևանքով փտում են․
«Մինչ այսօր ԴՆԹ-ի պատասխան է գալիս՝ մի հատ ձեռք, մի հատ ոտք… Մենք, որ այդ 14 պարկերով մասունքները բերել էինք, մեզ ասվել է, որ դրանք պետք է տեղավորվեր 4 մորգերում, ոսկորները մաքրվեր, լվացվեր, որ արագացվեր ԴՆԹ-ի պրոցեսը, բայց այսօր մտնում ենք մորգերը, տղերքի դիակները ոնց բերել ենք՝ տենց հողոտ են, պարկ կա, որ բացում ենք՝ մեկից նմուշառում է գնացել ԴՆԹ-ի, մյուսից՝ ոչ, ասում են՝ մյուս ոտքը իրենն է, բայց եթե ոսկոր է, առանց ԴՆԹ հանձնելու ո՞նց կարող ես իմանալ, որ այդ նույն տղունն է»։
Դավիթը պատմեց, որ լավ է հիշում, Զանգելանի փոսից մարմինների (մասունքների) հետ նաև 8 գանգ են բերել ու հանձնել դիահերձարաններին, սակայն մինչ օրս որևէ գանգից նմուշառում չի արվել, ավելին, 3 գանգ այս պահին չեն կարողանում գտնել․
«Էջմիածնի մորգ էլ պետք է գնայինք նայելու, բայց մեզ ասացին, որ այդ մորգի դիակները գնացել է Հերացի։ Ոչ մեկը լուրջ չի վերաբերվում այս հարցին, ու իրենք էլ նկատել են, որ մենք մեր բերած դիակների հետևից ընկած ման ենք գալիս, որ ամեն ինչը պատշաճ կերպով արվի, որը չի արվում, անգամ ոսկորները չի լվացվել, որը հիմա պարկերի մեջ նեխում է, հողի հետ նեխում է։ Կոնկրետ չեն զբաղվում։ Անգամ դիակներ կան, որ հիմա գտնվում են խալադելնիկներում , բայց մորգի չէ, սառնարաններ են, բայց մորգինը չեն, չեմ ուզում ասել՝ որտեղի սառնարաններն են, ոչ մի բան պատշաճ չեն կազմակերպում․․․ Մենք հիմա ման ենք գալիս մի հատ պարկ, որի մեջ դրել ենք 3 գանգ, ու այդ պարկը չկա, այդ պարկը, ասեցին՝ Հերացի են տարել, վաղն ուզում ենք գնանք Հերացիում նայենք․․․»։
Անհետ կորածի եղբայրը նշեց, որ իրենց այս քայլից հետո նոր միայն որոշել են այդ 5 գանգերից փորձանմուշներ վերցնեն․
«Այդ 8 գանգերից որևէ մեկի ԴՆԹ-ն չի հաստատվել, քանի որ չեն զբաղվել գանգի ԴՆԹ-ով, ատամից նոր են վերցնում, հունվարի 11-ից հանձնել ենք, նոր են հաստատում, որ կարելի է ատամից ԴՆԹ վերցնել, մենք ենք օգնել, որ ատամը հանեն, ուղարկենք ԴՆԹ, բայց մինչև այդ ասում էին՝ գլուխ չկա այստեղ, բա, եթե դա էլ մենք պետք է անենք, էդ ոչխարներն ինչի՞ համար են, ինչի՞ համար են, եթե ես նորից պետք է գնամ իմ դրած պարկի միջից հանեմ ոսկորները, դնեմ նայեմ, հետո էլ ասում են՝ պատերազմի մասնակիցը խախտվել է, բա չխախտվե՞ս։ Արհամարհում են, եթե պետք է զոհված տղերքի ոսկորներն էլ ցեխոտ լինի, ուղարկեք՝ մենք կլվանք, մենք կլվանք, կդնենք դագաղի մեջ, կդնենք փոսի մեջ, բայց ձեզ տենց մի պահեք, ոչխարներ․․․ Գոնե մասունքները հողից մաքրեին, որ դնենք հողի տակ, ցեխոտ ոնց բերել ենք, այդպես էլ կան պարկերը: Անձամբ եմ բացել պարկը, իմ դրած գլուխը, նորից վերցրել եմ գանգն իմ ձեռքի մեջ, ոնց ցեխոտ դրել ենք, նույն ձև դրված էր, մենք էինք ուզում շորով մաքրեինք այդ ոսկորները, որովհետև այդ զոհված տղերքը հերոսներ են, բայց այս կեղտերը լուրջ չեն վերաբերվում, ո՞ւմ դիմենք այս հարցով, որ մեր հարցերին պատասխանեն․․․ Լավ, պատերազմի ժամանակ վրիպեցին, այս զորքը վրիպումով է մահացել, վրիպել է ինչ-որ մի գեներալ, որն այս զորքին տարավ ու մեզ պատճառաբանում է, ասում է՝ վրիպել եմ, բա հիմա վրիպո՞ւմ եք ԴՆԹ-ն, չեմ հասկանում։ Ասենք՝ մենք գնանք պատերազմ, գնանք՝ դիակ բերենք, բա դուք ինչի՞ համար եք, այ ……, ինչի՞ համար եք, Պաշտպանության նախարարություն կա, եսիմ ինչ կա, ինչի՞ համար եք, նստած աշխատավա՞րձ եք ստանում․․․
Էս տղերքը սրանց համար գնան զոհվե՞ն, ափսոս, էլի, շատ ափսոս, սրանք պետք է գնային այնտեղ սատկեին, ոչ թե զոհվեին, որ հասկանային այս տղերքի ղադրը․․․ Իրենք մտածում էին, որ մենք կարող է կոտրվեինք ու չգնայինք այդ հարցերով, իրենք փակ դագաղ կտան, չենք տենա՝ մեջն ինչ է, կեղտոտ է, ցեխոտ են ոսկորները, չէին մտածում, որ կարող է այդքան խորանայինք, նորից գնայինք պարկերը բացեինք, բայց բացել ենք արդեն, տեսել ենք, իրականությունն ենք ասում․ այ կեղտեր, խի՞ եք տենց անում, ինչի՞ համար․․․»։
Դավիթը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ պարկերում ամբողջական մարմիններ են եղել, որ դրանցից հնարավոր է եղել անգամ մազից ԴՆԹ թեստ հանձնել, բայց չգիտես ինչու՝ մինչ օրս դա էլ չեն արել․
«Այսօր անհետ կորածի ցավով միայն իր հարազատն է տառապում, բայց այդ անհետ կորածը չի գնացել միայն իր հարազատի համար, գնացել է սաղ ազգի համար, բայց այսօր ծնողն է գնում դուռը ծեծում՝ խնդրում եմ, ի՞նչ տեղեկություն ունեք, բայց դա պետք է պետությունը անի, ծնողը խի՞ պետք է գնա՝ թուղթը ձեռքը, նկարը ձեռքը, ասի՝ էս իմ երեխեն ա, դա պետք է պետությունն անի, որովհետև պետությունն է տարել է այդ երեխուն, ոչ թե մերն ու հերն են ձեռքից բռնել տարել․․․»։
Դավիթի հետ դիահերձարան մտած տղաներից մեկն էլ, որի եղբայրն է անհետ կորած, ասաց, որ այդ նույն ապրումներն իր մոտ են եղել Զանգելանում, երբ հայտնաբերել էին դիակներով լցված փոսը։
«Փոսից ոնց հանել բերել ենք, նույն ձև դրած է, ոնց կա՝ այդպես մնացել է։ Խի՞ ես պետք է այդ նույն ապրումն ապրեմ, որպես ախպեր, ես խի՞ պետք է ատամ հանեմ, որ տանեն ԴՆԹ անեն։ Անխնա վիճակ էր մեր տղաների մոտ՝ գետնին, մեր հերոսները չպետք է նման անխնա վիճակում լինեին։ Դուռը բացեցի՝ իրար վրա լցված, քաշել ենք, որ կոդով այդ գլուխը հանենք, որ կարողանանք դրանից ԴՆԹ տանք, ասենք՝ տարեք նմուշ արեք, խի՞ պետք է դա մենք անենք, իրենք ո՞ւր են, ինչի՞ համար են փող ստանում․․․»։
Տղաները վստահեցրին, որ մինչև վերջ հետևողական են լինելու, որպեսզի ԴՆԹ թեստերի պատասխանները չկեղծվեն, և եթե հարկ եղավ՝ մասունքները երկրից դուրս կհանեն, որպեսզի կրկնակի թեստավորում անցնեն։