Սերժ Թանկյանը հրապարակել է «Electric Yerevan» երգի տեսահոլովակը
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հրապարակել է իր նոր՝ «Electric Yerevan» («Էլեկտրիկ Երևան») երգը: Երգը տեղ է գտել «Elasticity» մինի ալբոմում:
Տեսահոլովակում ներկայացված են կադրեր 2008 թվականի մարտի դեպքերից, 2013 թվականի նախագահական ընտրությունների շուրջ ծավալված իրադարձություններից, 2015-ի «Էլեկտրիկ Երևան» անվանումը ստացած բողոքի ակցիաներից, ինչպես նաև 2018 թվականի թավշյա հեղափոխությունից:
«Այն [խմբ. – երգը] գրվել է 2015 թվականին՝ ոգեշնչված Հայաստանում «Էլեկտրիկ Երևան»-ի բողոքի ցույցերից, որտեղ մարդիկ դեմ էին դուրս եկել կառավարության կողմից էլեկտրականության գների բարձրացման առաջարկին: Գնի բարձրացումը չեղարկվեց, մարդիկ հաղթող դուրս եկան»,- ավելի վաղ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում էր արել Թանկյանը:
«Հայաստանը և Արցախն ունեն հանուն արդարության և ժողովրդավարության իրականացված բողոքի շարժումների հարուստ պատմություն, ու չնայած Հայաստանում և Արցախում տիրող տրավմատիկ իրավիճակին՝ մենք պետք է հպարտ լինենք մեր դասերով, որոնցով կարող ենք կիսվել ողջ աշխարհի մարդկանց հետ»,- հավելել էր երգիչը: