Նիկոլ Փաշինյանը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության
Վարչապետի աշխատակազմը տարածել է երկարաշունչ մի հայտարարություն, որի իմաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի ճանաչում Վարչական դատարանի վճիռը, որով Օնիկ Գասպարյանը վերականգնվում է Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում։
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունն այնքան խուճուճ է, որքան նրա սիրելի թրքապաշտ ծաղրածուն։ Բայց անկախ ձևակերպումներից ու տարբեր հղումներից՝ դրա իմաստը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը չի ճանաչում Վարչական դատարանի վճիռը։
Դատարանները, ինչպես հայտնի է, վճիռ են կայացնում Հայաստանի Հանրապետության անունից, և բոլոր նրանք, ովքեր չեն ճանաչում այդ վճիռը, չեն ճանաչում Հայաստանի Հանրապետությունը։
Նիկոլ Փաշինյանն արել է հենց դա՝ ի լուր աշխարհի հայտարարել է, որ չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը, կամ որ նույնն է՝ գործում է ընդդեմ Հայաստանի Հանրապետության։
Երբ հնչում են գնահատականներ, որ այս իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը քանդում են պետությունն ու պետականությունը, շատերի համար դրանք թվում են աբստրակտ ու անապացույց։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, նման քայլերով բոլոր թերահավատներին տալիս է առավել քան խոսուն ապացույցներ։
Նիկոլ Փաշինյանը փաստացի կազմաքանդում է դատական համակարգը, որը ցանկացած պետության, ժողովրդավարության ողնաշարերից է։ Ընդ որում, սա կարող է ունենալ չափազանց ծանր հետևանքներ։
Եթե երկրի ղեկավարը հրապարակավ հրաժարվում է կատարել դատարանի վճիռը, ապա դա ցանկացած շարքային քաղաքացու համար կարող է հիմք դառնալ՝ դրսևորելու նման վարքագիծ և չենթարկվելու դատարանի վճռին։
Նիկոլ Փաշինյանը գնում է հենց այդ ճանապարհով՝ փաստացի դեմ դուրս գալով իշխանության ճյուղերից մեկին՝ դատական իշխանությանը։
Սա որքան զարհուրելի, նույնքան օրինաչափ զարգացում է, քանի որ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ է մնում իր կերպին․ դատարանների շենքերը շրջափակելու հրաման տվողը մի օր չպետք է ենթարկվեր դատարանի վճռին, ամեն ինչ շատ ճիշտ է։
Բացի այդ, նրա ամենաօդիոզ թիմակիցներից մեկն ուղիղ տեքստով հայտարարել է դատարանները վերցնելու մասին։
Նիկոլ Փաշինյանն իրականում առաջնորդվում է նախադեպային հանցանքի կանխավարկածով։ Նա հակասահմանադրական ճանապարհով ուզուրպացրել է Սահմանադրական դատարանը և «մարսել» է դա, ինչը վստահություն է հաղորդել նրան՝ նույն կերպ վարվելու նաև դատական իշխանության հետ։
Հայաստանին սպասում են նոր փորձություններ։
Արշավիր Իշխանյան