«Եթե Սյունիքն անվտանգ է, ապա իշխանության ներկայացուցիչներն իրենց ընտանիքներով կարող են տեղափոխվել Սյունիք․ այդ ամենը ցինիկ սուտ է»․ փորձագետ

Արցախի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը բազմիցս հանդես է եկել ռազմատենչ հայտարարություններով՝ նշելով, որ Հայաստանին կստիպեն իրականացնել իր պարտավորությունները, հայկական կողմը պետք է մոռանա Արցախի մասին, հակառակ դեպքում կարժանանա Ադրբեջանի բռունցքին, և այլն։

Նա նաև բազմիցս ասել է, որ Արցախի հարցը լուծված է, և այն արդեն պատմություն է դարձել։ Մարտի 15-ին հանդիպելով ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ, Ալիևն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության վերականգնումը կարող է ելակետ դառնալ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն ամբողջությամբ անցյալում թողնելու համար:

168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն ասաց, որ Ալիևի որևէ հայտարարության վրա զարմանալ պետք չէ, քանի որ Ալիևի կողմից իր հանրությանը տված բոլոր խոստումները՝ կապված Արցախի ու Հայաստանի հետ, ՀՀ ներկայիս իշխանությունը հետևողականորեն կատարում է։

«Առաջին օրվանից, ինչ Փաշինյանն իշխանության է եկել, նրա թիմը մեկ առ մեկ իրագործում է Ալիևի խոստումներն իր հասարակությանը՝ սկսած պատմական ակնարկներից, վերջացրած աշխարհաքաղաքական ու կոմունիկացիոն հարցերով։ Այսինքն՝ Ալիևի ոչ իրականանալի երազանքներն այսօր Փաշինյանի ձեռամբ իրականացվում են։ Ալիևն իր թեզը վաղուց առաջ է քաշում, որ Արցախի խնդիրն այլևս լուծված է, պատերազմ ավարտվել է, և Հայաստանին այլևս բանակ պետք չէ, իրենց ճանապարհները Հայաստանի տարածքով անցնելու են, որը մաքսատուրք չի ստանալու այդ տարածքներով անցնող ապրանքների համար։ Ալիևն ամեն ինչ ասել է, Փաշինյանն էլ գլուխը կախ իրագործում է»,- ասաց Արմինե Ադիբեկյանը։

Ինչ վերաբերում է Ալիևի այդ ռազմատենչ հայտարարություններին հայկական կողմից չարձագանքելուն և իշխանության ներկայացուցիչների բնորոշմանը, որ, եթե Ալիևին պատասխանեն, ապա պետք է պատասխանեն քաղաքակիրթ ձևով, այլ ոչ թե նրա նման ցինիզմով, Արմինե Ադիբեկյանն ասաց, որ ամենամեծ ցինիզմն այն է, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն առհասարակ նման բան են խոսում։

«Եթե Ալիևի ամեն մի ասածն իշխանությունը որակում  է քաղաքակրթություն, ապա ես դա որակավորում եմ՝ որպես դավաճանություն և համաձայնություն Ալիևի կողմից հնչեցրած թեզերին»,- շեշտեց փորձագետը։

Ըստ նրա, իշխանության այն ներկայացուցիչները, որոնք այսօր հայտարարում են, թե Սյունիքն անվտանգ է, կարող են հավաքել իրենց իրերը, ընտանիքի անդամներին ու գնալ Սյունիքում ապրելու։

«Մի գեղեցիկ օր՝ քնած, հանգիստ ու իշխանությանը վստահող ժողովուրդը հայտնվելու է ռազմական գործողությունների էպիկենտրոնում։ Եթե Սյունիքն անվտանգ է, ապա իշխանության ներկայացուցիչներն իրենց ընտանիքներով կարող են տեղափոխվել Սյունիք։ Այդ ամենը ցինիկ սուտ է, ի՞նչ է նշանակում՝ անվտանգ, երբ թշնամին զինված 50 մետր հեռավորության վրա է, կամ այդ ո՞ր օրվանից է զինված թշնամին դարձել մեր անվտանգության երաշխավորը։ Այդ ի՞նչ են ուզում ասել, որ 30 տարի հայկական բանակը Հայաստանի անվտանգությունը չէ՞ր ապահովում, որ ադրբեջանցին զինված եկավ՝ անվտանգություն երաշխավորե՞ց»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է պատերազմի վտանգին ու իշխանության ներկայացուցիչների հավաստիացումներին, որ այսօր պատերազմի վտանգը հասցված է զրոյի, փորձագետը նկատեց՝ նման բան ասում են այն նույն մարդիկ, որոնք մեկ տարի առաջ ևս ասում էին, որ պատերազմ չի լինելու։

«Նման բան ասում են այն մարդիկ, որոնք հրահրել են պատերազմ, և որոնք առանց որևէ կրակոցի՝ Ադրբեջանին հանձնել են տարածքներ։ Այն մարդիկ են, որոնց ղեկավարը գիշերը, երբ ամբողջ երկիրը պետք է քնած լիներ՝ կապիտուլյացիա էր ստորագրում, բայց մինչ այդ խոստանում էր, որ առանց ժողովրդի որևէ բան չի ստորագրի։ Էլ չեմ խորանում նրանց ինտելեկտուալ, պրոֆեսիոնալ կանխատեսելու ունակություններին, դա ակնհայտ է։ Իմքայլական ինչ-որ պատգամավոր ինչ ասել է, տեղի է ունեցել դրա ճիշտ հակառակը»,- եզրափակեց Արմինե Ադիբեկյանը։

Տեսանյութեր

Լրահոս