«Լենինգրադյանում կառուցվող ապօրինի շինարարության ետևում կանգնած է քայլած չարաբաստիկ պատգամավորներից մեկը»․ փաստաբան

«Պատկերացրեք՝ հարյուրավոր բնակարաններից նայեն ձեր տան բակ և տեսնեն ձեր օրվա անցուդարձը, դուք կարո՞ղ եք ապրել նման տան մեջ, իհարկե ոչ մի նորմալ մարդ չի կոշարող ապրել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով Լենինգրադյան 23/7 հասցեում «Նոյ թաղամաս» 4 բազմաբնակարան շենքերի ապօրինի կառուցմանը, որոնց հետևանքով տուժելու են հարակից առանձնատների սեփականատերերը։

Փաստաբանի խոսքով՝ քաղաքապետ Հայկ Մարությանը տվել է շենքերից մեկի հիմքի թույլտվություն, ինչն ինքն իրենով ավարտված հանցակազմ է, որովհետև նման շինարարության թույլտվության տեսակ գոյություն չունի։ Նա նաև նշեց, որ երբ այդ փաստաթղթերը ստացել են, ուղարկել են Հատուկ քննչական ծառայություն։

«Անգամ չեն էլ քննարկում․ դատախազությունն անտարբեր վերադարձնում է, դատարանները՝ նույպես։ Առկա է դատարանի որոշում՝ կասեցնել այդ շինարարությունը, դատարանի որոշումը չի կատարվում, դիմում ենք քաղաքապետարան, ասում ենք՝ եթե կա դատարանի որոշում՝ արգելելու, կասեցնելու շինարարությունը, կատարվող շինարարությունն արդեն ապօրինի է, այդ դեպքում քաղաքապետը պետք է ներգործի, և նա պարտավոր է ներգործել և կասեցնել, եթե չի՛ անում՝ դրա համար էլ կա քրեական պատասխանատվություն»,- ասաց փաստաբանը, ապա հավելեց, որ այս անգամ էլ գործը հարուցել են, սակայն թողել են կենտրոնի քննչական բաժնում, սակայն դա պետք է քննի ՀՔԾ-ն։

Ըստ Աթանեսյանի՝ կենացները գնալով քաղցրացել են, և խախտելով օրենքները՝ այդ տարածքում երկու 16 և երկու 18 հարկանի բազմաբնակարանների կառուցման շինթույլտվություն են տվել․

«Վիճարկվում է դատարան, դատարանը ևս կասեցնում է արդեն այս շինարարությունը, թքած ունեն ամբողջությամբ։ Ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ շինարարը, անտեսելով դատարանի որոշումները՝ շարունակում են շինարարությունը»։

Տիգրան Աթանեսյանը նշեց, որ պետք չէ լինել շատ խելացի՝ հասկանալու համար, որ նման շինարարություն Հայաստանում կարող է արվել միայն, եթե ունես բարձրագույն իշխանության հովանավորությունը, ապա հայտնեց, որ ունեն որոշակի տվյալներ, թե ով է այդ անձը, որը կանգնած է շինարարական ընկերության թիկունքին․

«Իհարկե, ապացույց չունեմ՝ դատավարական օրենքի տեսակետից՝ թույլատրելի, բայց փոքր երկրում ենք ապրում, դա մեր քայլած չարաբաստիկ պատգամավորներից մեկն է, որը զօրուգիշեր զբաղված է այդ գործով և նաև ապահովում է «PR» կողմը։

Աթանեսյանի խոսքով՝ գործարար Արկադի Համբարձումյանը, որի առանձնատունը ևս գտնվում է այդ կառուցվող բազմաբնակարանների անմիջապես կողքին և նույնպես խնդրի առաջ է կանգնել, պայմանավորված է զուտ նրա «նախկին» լինելու հանգամանքով․

«Արկադի Համբարձումյանը, ի տարբերություն շատերի, դավաճան չէ, ընկերասեր է, նա եթե ունի համոզմունք, մնում է իր համոզմունքներին, մնացել է Հանրապետական կուսակցության կազմում, և, իհարկե, նա այս երկրում չպետք է որևէ իրավունք կամ ինչ-որ մի բան ունենա՝ ըստ քայլարածների, միանգամից վրա են տալիս․․․»։

Փաստաբանն անդրադարձավ նաև գործարար Արկադի Համբարձումյանին պատկանող առանձնատան պարիսպը քանդելու որոշմանը,  որն իրենք բողոքարկել են․

«Կա բողոքարկման սահմանված օրսենսդրական կարգ, բողոքարկվում է քաղաքապետին, և ամենածիծաղելին՝ պատասխանում է վարչության պետը, պետական կառավարման ապարատում նման բան անթույլատրելի է, երբ բողոքարկում ես վերադասի որոշումը, քեզ պատասխանում է իր ստորադասը․․․»։

Անդրադառնալով սեփականատեր կազմակերպությանը, որը տվյալ տարածքում բազմաբնակարաններ է կառուցում, փաստաբանը նշեց, որ իր ողջ գործունեության ընթացքում այն զբաղվել է միայն առևտրով և երբեք շինարարությամբ չի զբաղվել․

«Ստանում է միանգամից թույլտվություն պետական օժանդակությամբ  դա անելու։ Ընկերության անունն է «Լույսեր» ՓԲԸ, համոզված եմ որ մոտակա ապագայում խիստ քննության առարկա կդառնա իրենց գործունեությունը․․․»։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն օրեր առաջ գնացել էին գործարար Արկադի Համբարձումյանի առանձնատան տարածք և տեղեկացրել, որ պատրաստվում են որոշակի քաղաքաշինական աշխատանքներ կատարել, մասնավորապես՝ պետք է ապամոնտաժեն գործարարին պատկանող տարածքին հարակից պարիսպը, որը, ըստ քաղաքապետի՝ ինքնակամ կառույց է։

Տեսանյութեր

Լրահոս