Ողջունում եմ Մինսկի խմբի աշխատանքը և ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի ջանքերը՝ գտնելու երկարաժամկետ  լուծում  Ղարաբաղյան հակամարտությանը․ Անն Լինդե

«Ուզում եմ շեշտել վստահության կառուցման  միջոցների անհրաժեշտությունը հակամարտության  կարգավորման հարցում»,- այս մասին այսօր Երևանում ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն՝ հանդես գալով հայտարարությամբ ԵԱՀԿ Շվեդիայի նախագահության առաջնահերթությունների մասին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ առանձնազրույցից հետո։ Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահն  այցով տարածաշրջանում է։ Նախօրեին նա Բաքվում էր, որտեղ հանդիպումներ  ունեցավ Ադրբեջանի նախագահի ու ԱԳ նախարարի հետ։

Երևանում Անն Լինդեն արձանագրեց՝ աներկբա է, որ տարածաշրջանային իրավիճակը փոխվել է  նոյեմբերի 10-ի համաձայնագրից հետո։

«Ես ողջունում եմ հրադադարը և առիթից օգտվելով՝ ցանկանում եմ հայտնել իմ խորը ափսոսանքը  վիրավորների և զոհերի համար։  Հրադադարի համաձայնագրի իրականացումը հիմք կդառնա   հակամարտության կարգավորման գործընթացում առաջ ընթանալու համար։ Այս տարի, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, ողջունում եմ  ՄԽ համանախագահների աշխատանքը և մեր անձնական ներկայացուցչի ջանքերը՝ գտնելու երկարաժամկետ  կայուն լուծում այս  առճակատման հարցում»,- ասաց Անն Լինդեն։

Եվրոպացի պաշտոնյան ասաց, որ մի քանի հարցեր անհրաժեշտ է լուծել։ Նրա խոսքով, ԵԱՀԿ-ն և միջազգային հանրությունը՝ որպես ամբողջություն, կարևոր դեր ունեն խաղալու՝ անմիջական իրավիճակին անդրադառնալու և առաջ ընթանալու գործում։

«Էական է, որ ցանկանում եմ ընդգծել, այս փուլում կարևոր է հարգանք դրսևորել միջազգային իրավունքի հանդեպ, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքը։ Ես ուզում եմ շեշտել նաև վստահության կառուցման միջոցների անհրաժեշտությունը, ինչպես նաև միջազգային դերակատարների մասնակցությունն ապահովելու հարցում։

ԵԱՀԿ-ում մեր ուշադրությունը կլինի ԵԱՀԿ-ի հիմնարար գործի վրա, այսինքն՝ պաշտպանել  եվրոպական անվտանգության կարգը և պահպանել ԵԱՀԿ եզակի գաղափարը, հայեցակարգը՝ համապարփակ անվտանգության»,- ասաց Անն Լինդեն՝ շարունակելով, որ կարևորում են կանանց  անվտանգության և խաղաղության օրակարգը հետպատերազմյան խնդիրները հաղթահարելու հարցում։

ԵԱՀԿ գործող նախագահը մի շարք ակնարկներ հնչեցրեց նաև ՀՀ ներքաղաքական կյանքի վերաբերյալ։

«Ես տպավորված եմ 2018 թվականից Հայաստանի սկսած ժողովրդավարական բարեփոխումներով։ Վերջին շաբաթների ընթացքում մենք տեսանք, թե որքան փխրուն կարող է լինել այդ առաջընթացը։  Ես կրկնում եմ բոլոր կողմերին իմ կոչը՝  բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով, հարգելով ժողովրդավարական գործընթացները և օրենքի գերիշխանությունը՝ ըստ ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների»,- ասաց Անն Լինդեն։

Տեսանյութեր

Լրահոս