Սերժ Թանկյանը հատված է ներկայացրել «Էլեկտրիկ Երևան» երգից
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը փոքր հատված է հրապարակել իր նոր՝ «Electric Yerevan» («Էլեկտրիկ Երևան») երգից, որի պրեմիերան տեղի է ունենալու մարտի 19-ին: Երգը տեղ է գտել «Elasticity» մինի ալբոմում:
«Այն գրվել է 2015 թվականին՝ ոգեշնչված Հայաստանում «Էլեկտրիկ Երևան»-ի բողոքի ցույցերից, որտեղ մարդիկ դեմ էին դուրս եկել կառավարության կողմից էլեկտրականության գների բարձրացման առաջարկին: Գնի բարձրացումը չեղարկվեց, մարդիկ հաղթող դուրս եկան»,- թվիթերյան միկրոբլոգում հրապարակված տեսանյութին կից գրել է Թանկյանը:
«Հայաստանը և Արցախն ունեն հանուն արդարության և ժողովրդավարության իրականացված բողոքի շարժումների հարուստ պատմություն, ու չնայած Հայաստանում և Արցախում տիրող տրավմատիկ իրավիճակին՝ մենք պետք է հպարտ լինենք մեր դասերով, որոնցով կարող ենք կիսվել ողջ աշխարհի մարդկանց հետ»,- հավելել է երգիչը: