Ապօրինի զենք-զինամթերք ու թմրամիջոցներ, կալանավորված տղամարդ. ոստիկանության նոր բացահայտումը
Քրեական ոստիկանության ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունների ծառայողների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա, դատարանի որոշմամբ, մարտի 11-ին խուզարկվեց Երևանի բնակիչ, 45-ամյա մի տղամարդու Կոնդում գտնվող բնակարանը։ Խուզարկությանը մասնակցում էին նաև ոստիկանության շնավարժության բաժնի ծառայողները՝ խուզարկու շներով։
Հայտնաբերվեցին տարբեր քաշերով մեթամֆետամին, հաշիշ, ափիոն, կոկաին և մարիխուանա թմրամիջոցների նմանվող զանգվածներ, մեթադոն ու էքստազի հոգեմետ հաբեր, սնդիկ, քացախաթթվի անհիդրիդ և այլն։ Նույն բնակարանում հայտնաբերվեցին նաև ապօրինի զենք-զինամթերք, մասնավորապես՝ «Ֆ-1» տիպի նռնակ, գործարանային համարով հրազեն ու ինքնաձիգի փամփուշտներ։ Նույն օրը խուզարկություն կատարվեց նաև 45-ամյա տղամարդու կնոջ հաշվառման հասցեում։ Հայտնաբերվեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի փամփուշտներ ու ֆենազեպամ տեսակի 788 հոգեմետ հաբ։ Բնակարաններում հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական ու դատանյութագիտական։ 45-ամյա տղամարդը կալանավորվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։