Նորովի կառուցվող Հայաստանը 3 տարում Փաշինյանը վերածել է ավերակների
Նախկինների նկատմամբ խորը ատելությունը, նրանց արածը սևացնելու ու ոչնչացնելու, հինը քանդելու և նորովի կառուցելու Նիկոլ Փաշինյանի տեսլականը բերեց նրան, որ 3 տարում Հայաստանը պարզապես վերածվել է ավերակների։ Երկիրը բառիս բուն իմաստով նստած է փլատակների վրա։ Ամենուրեք միայն ձախողումներ են ու կորուստներ։ Եվ այդքանից հետո Նիկոլ Փաշինյանը դեռ խոսում է Հայաստանը նորովի կառուցելու իր տեսլականն ակտիվ իրագործելու մասին։
«Հայաստանը նորովի կառուցելու մեր տեսլականը պետք է շատ ակտիվ իրագործվի: Ընդ որում, իրագործվի ոչ միայն պետության, կառավարության, համայնքների կողմից, այլև պետք է քաջալերենք նաև մասնավորին՝ այդ կառուցման, ներդրման գործընթացին մասնակցելու: Իհարկե, դրա համար շատ կարևոր է մեր երկրի սոցիալ-հոգեբանական վիճակը, անվտանգային միջավայրը»,- օրերս Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Հարց է առաջանում՝ այդ ո՞ր հաջողությունների համար է Նիկոլ Փաշինյանն ուզում շարունակել Հայաստանը նորովի կառուցելու իր տեսլականը։ Երեք տարում հասցրել է եղածն էլ քանդել ու հողին հավասարեցնել։ Հիմա ի՞նչն է ուզում քանդել, որ դեռ չի հասցրել։ Տնտեսությունը քանդված ու քայքայված վիճակում է։ Չունենք ոչ աճ, և ոչ էլ աճի հավանականություն։ Տնտեսական անկման ցուցանիշով Հայաստանը վատագույնն է ամբողջ տարածաշրջանում, ինչպես նաև գործընկեր երկրների շարքում։
Նորովի կառուցվող Հայաստանում մարդկանց սոցիալական վիճակն օրավուր վատանում է։ Թանկացումները հասել են ահռելի չափերի։ Սպառողական ապրանքների գները բարձրացել են՝ 20-30, նույնիսկ՝ 40 տոկոսով։ Միևնույն ժամանակ՝ մարդիկ կորցրել են իրենց եկամուտները։ Ունենք միջին աշխատավարձի նվազում։
Ավելացել է գործազրկությունը, ու երկիրը գնում է աղքատության խորացման ճանապարհով։
Այլ ելք չունենալով՝ մարդիկ բռնել են արտագաղթի ճանապարհը։ Գնում են ոչ միայն՝ արտագնա աշխատանքի նպատակով, այլև՝ լքում են երկիրը, որովհետև նորովի կառուցվող Նիկոլ Փաշինյանի Հայաստանում չեն տեսնում իրենց ապագան։ Սկսվել է արտագաղթի հերթական մեծ ալիքը։ Հայրենադարձության մասին, որը խոստացել էին, այլևս խոսք չկա։
Նորովի կառուցվող Հայաստանում կորցրել ենք Արցախի տարածքների մեծ մասը, վտանգի տակ են Հայաստանի սահմանները, չկան անվտանգության երաշխիքներ, քանդվել ու ավերվել են պետական կառավարման բոլոր կարևոր ինստիտուտները։ Տնտեսությունը ճգնաժամի մեջ է, կյանքը մի բան էլ հետ է գնացել, ապրելու պայմանները վատացել են, սոցիալական խնդիրները շատացել են։ Ո՞րը մեկն ասես։ Ամենուրեք նույն վիճակն է։
Եվ այդքանից հետո Նիկոլ Փաշինյանը Հայաստանը նորովի կառուցելու տեսլականն ակտիվացնելու մասին է խոսում։ Այդ ո՞ր հաջողությունների ու ձեռքբերումների համար է ուզում շարունակել այդ տեսլականի ակտիվ իրականացումը։
Եթե սրանք են հաջողություններն ու ձեռքբերումները, ապա որո՞նք են կորուստները։
Մասնավորին քաջալերելու մասին է խոսում։
Ո՞ր մասնավորն է այսօր պատրաստ քաջալերվել Նիկոլ Փաշինյանի ասածների հիման վրա, հավատալ ու վստահել նրա խոսքերին, առավել ևս՝ այդ հավատով էլ ներդրումներ կատարել Հայաստանում ու տնտեսական ծրագրեր իրականացնել։ Զարմանալի չէ, որ նորովի կառուցվող Հայաստանում ընդհանրապես դադարել են ներդրումները։ Նույնիսկ հայտնի ներդրումային ծրագրերն են սառեցվում ու հետաձգվում, ուր մնաց թե՝ նոր ծրագրեր պիտի սկսվեն։ Ինչի՞ վրա է Նիկոլ Փաշինյանի հույսը։
Նորովի կառուցվող Հայաստանում 3 տարվա ընթացքում սարսափելի վատացել է պետական պարտքի բեռը։ Նախկիններին էինք քարկոծում պետական պարտքն ավելացնելու համար, բա հիմա՞ ինչ պիտի ասենք։
Երեք տարում պետական պարտքն ավելացրել ենք 30 տոկոսով։ Անվանական արտահայտությամբ՝ 2 մլրդ դոլարով։ Երբևէ չենք ունեցել պարտքի այսպիսի ծանր բեռ։ Այն անցել է համախառն ներքին արդյունքի 70 տոկոսից։
Նախկինում մտահոգված էինք, որ պարտքը մոտեցել է ՀՆԱ 60 տոկոսին։ Հիմա անցել ենք 70 տոկոսից, բայց կառավարության ու իշխանությունների վեջը չէ։ Նրանք դեռ պատրաստվում են նոր պարտքեր վերցնել ու ծանրացնել պարտքի բեռը։
Պետական բյուջեն այնքան է ծանրացել պարտքերից, որ ստիպված է տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլար հատկացնել՝ կուտակված արտաքին ու ներքին պարտքային պարտավորությունները սպասարկելու համար։
Նիկոլ Փաշինյանի նորովի կառուցվող Հայաստանում 3 տարում տնտեսությունն արձանագրել է միջին տարեկան ընդամենը 1-2 տոկոս աճ։ Հարկային եկամուտներն այնքան են սեղմվել, որ այս տարի ավելի քիչ մուտք ենք ակնկալում ունենալ, քան ունեցել ենք նույնիսկ 2 տարի առաջ։ Նորովի կառուցվող Հայաստանում կառավարությունը դրսից վերցրած նոր պարտքերով է մտադիր մարդկանց աշխատավարձ ու թոշակ վճարել։
Հասարակության սոցիալապես ամենաանապահով խավի՝ կենսաթոշակառուների թոշակները նորովի կառուցվող Հայաստանում 3 տարում ավելացել են ընդամենը 3 հազար դրամով։ Բայց այդ ընթացքում ամեն ինչ հասցրել է թանկանալ, այն էլ՝ երբեմն բազմապատիկ ավելի շատ, քան թոշակն է ավելացել։
Եթե սա է նորովի կառուցվող Հայաստանի տեսլականը, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, ապա այդպիսի տեսլական որևէ մեկին պետք չէ։ Այդպիսի տեսլականը երկիրը բերել-հասցրել է կործանման։ Ոչ մի տեղ ոչ մի հեռանկար չի երևում։ Կառավարությունն ու իշխանությունները ձախողել են ամեն ինչ։
Այդքանից հետո նրանց միակ տեսլականը պետք է լինի՝ հնարավորինս շուտ ազատել պետական կառավարման աթոռները, եթե, իհարկե, նպատակ չունեն իրենց հետևից ավելի մեծ ավերակների տակ թողնել երկիրը։
Նորովի կառուցվող Հայաստանի՝ Նիկոլ Փաշինյանի տեսլականը տանում է Հայաստանի կործանման։ Որքան շուտ կարողանանք հրաժարվել այդ տեսլականից, այնքան շուտ կկարողանանք երկիրը փրկել այն աղետից, որին հասցրել են այս իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ