Բաժիններ՝

«Առավել խուճապ հարուցողը հենց իր նախարար լինելու հանգամանքն է». տնտեսագետը՝ Էկոնոմիկայի նախարարի հայտարարությունների մասին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օրերս լրագրողների հետ զրույցում խոսել է հայաստանյան գնաճի մասին՝ նշելով, որ դրա վրա էականորեն ազդում են միջազգային շուկայի բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ բեռնափոխադրումների գների բարձրացում, սննդամթերքի գների կտրուկ աճ։

«Կենտրոնական բանկը և Կառավարությունն աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս չհանդուրժեն կամ զսպեն գնաճը, և այդ առումով Կենտրոնական բանկը գործիքակազմ ունի, որը կիրառում է։ Եվ, բնականաբար, պետք չէ խուճապահար լինել ինչ-որ մեկ ամսվա կտրուկ գնաճից․ եթե նայենք, թե ինչ տրենդներ են տեղի ունենում աշխարհում, ապա, իհարկե, շատ վատ է, որ գներն աճում են, բայց նաև պետք է հասկանալ, թե որոնք են դրա ֆունդամենտալ հիմքերը»,-  հավելել է էկոնոմիկայի նախարարը և կարծիք հայտնել, որ հաջորդ ամիսներին դրական դինամիկա կտեսնենք, ու գնաճը կվերադառնա թիրախային միջակայք։

168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն անդրադառնալով նախարարի այս հիմնավորումներին և խուճապի չմատնվելու հորդորներին՝ նշեց․

«Առավել խուճապ հարուցողը հենց իր նախարար լինելու հանգամանքն է, որովհետև լինելով էկոնոմիկայի նախարար՝ հիմա էլ նախորդ 10-15 տարիների համեմատ երկրում առկա աննախադեպ գնաճը բացատրում է միջազգային շուկաների փոփոխություններով։ Այո՛, իհարկե, միջազգային շուկաներում որոշակի տրանսպորտային ծախսերի աճ կա և սննդամթերքի որոշակի գնաճ, բայց հիմնական գործոնը նախևառաջ այն է, որ վերջին 3-4 ամիսներին ազգային արժույթը 10 տոկոս արժեզրկվել է, իսկ Հայաստանում գներն արտացոլված են և հաշվարկվում են ՀՀ ազգային արժույթով»։

Տնտեսագետը մանիպուլյացիա որակեց նախարարի պնդումները և հիշեցրեց, որ մեր երկրում սպառվող հիմնական սննդամթերքը մեծ մասամբ ներկրվում է, կամ ունի ներկրման բաղադրիչ․

«Հետևաբար, եթե ազգային արժույթը արժեզրկվում է 10 տոկոսի չափով, ապա պետք է սպասել այդ ապրանքների առնվազն 10 տոկոս գնաճի, և նոր դրան գումարվում են տրանսպորտային ծախսերի ավելացումը կամ այլ գործոններ։  Նաև նշեմ, որ ապրանքներ կան, օրինակ՝ կաթնամթերք, ձեթ, որոնց  գները միջազգային շուկաներում թանկացել է 5-6 տոկոսով, և եթե նույնիսկ դրան էլ գումարենք 10 տոկոս ազգային արժույթի արժեզրկում, բայց մենք ունենք 30-40 տոկոս գնաճ, հետևաբար՝ շարունակում է ազդել նաև մեր երկրի տնտեսության ներկրման մոնոպոլ բարձր աստիճանը»։

Թադևոս Ավետիսյանը նշեց, որ այն գործոնները, որոնք բերել են գնաճի, կայուն կերպով կան և խորանում են․

«Փափուկ բարձը, որ դնում են հանրության գլխի տակ, այլևս այդ բարձի էֆեկտն էլ չի աշխատում, որովհետև մարդիկ, ի վերջո, կհավատան մի ամիս, մեկ տարի, երկու տարի, երեք տարի, բայց ակնհայտ է, որ ինչ խոստանում են, դրա ճիշտ հակառակն է տեղի ունենում։ Եվ, ի վերջո, մարդն ինչքան պետք է պրիմիտիվ մտածելակերպ ունենա, որ այսքանից հետո նորից այդ հորդորներին, նրանց գնահատումներին հավատա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս