«Այս իշխանություններն իրականացնում են այնպիսի քաղաքականություն, որն ամբողջովին համապատասխանում է թուրքական և ադրբեջանական ռազմավարական նպատակներին». Լարիսա Ալավերդյան

Կառավարությունը մարտի 11-ին հավանություն է տվել ՄԻՊ-ի ֆինանսավորման չափը գործադիրի և օրենսդիրի քմահաճույքին թողնելու նախագծին, այլ կերպ ասած, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ նախագծին: Փոփոխության համաձայն՝ վերացվում է օրենքով սահմանված այն երաշխիքը, որ ՄԻՊ-ի համար պետական բյուջեով ֆինանսավորման չափը չի կարող լինել պակաս, քան նախորդ տարի պետական բյուջեով նախատեսված հատկացման չափն է: Ստացվում է, որ, եթե գործող իշխանությանը դուր չգա ՄԻՊ-ի այս կամ այն հայտարարությունը, նա կարող է հաջորդ տարվա բյուջեն կրճատել՝ ցանկացած հիմնավորմամբ, ցանկացած չափով: Նշենք, որ այս հարցը «թափանցիկ» աշխատող Կառավարության օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում էր:

168.am-ն այս օրենքի նպատակի և ռիսկերի մասին զրուցել է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ: Նրա պնդմամբ՝ սա փորձ է՝ սահմանափակելու ՄԻՊ-ի աշխատանքը:

«Ես կարծում եմ, որ սա արձագանք է անձամբ ՄԻՊ-ի և նրա աշխատակազմի ակտիվ աշխատանքին, ոչ միայն այն դաշտում, որը միշտ եղել է՝ ՀՀ հանրային մարմինների և նրանց ներկայացուցիչների կողմից ոտնահարված իրավունքների մասին է խոսքը, այլև այս նոր դաշտում, որը ոչ այնքան նոր է, բայց համեմատաբար շատ ավելի ակտիվացած է, այն է՝ Ադրբեջանի այս ցեղասպանական ագրեսիայի ժամանակ, դրա հետևանքով և մինչև հիմա մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումները: Ես համոզված եմ, որ դա, ինչն ամբողջովին գտնվում է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների և պարտականությունների ներքո, չի համապատասխանում օրվա իշխանության քաղաքականությանն այդ ոլորտում, այն է՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հանցավոր և զանգվածային գործողությունները, որոնք վտանգում են ոչ միայն՝ առանձին անձանց մարդկային իրավունքները, այլև ՀՀ-ի պետական անվտանգությունը:

Սա պարզ երևում էր իշխանական կողմից, կամ դրանց կողմից ուղղորդված այն գռեհիկ հարձակումներից, որոնք տեղի են ունեցել անցած տարի և շարունակվում են մինչ այսօր: Ես կարծում եմ, որ սա արձագանք է, փորձ է՝ սահմանափակել, ստեղծել այնպիսի պայմաններ, որ չկարողանա Մարդու իրավունքների պաշտպանն անգամ լիարժեք զբաղվել օրեցօր ավելացող բողոքներով, որոնք վերջին 2-3 տարվա մեջ ավելի քան 2 անգամ ավելացել են»,- ասաց Ալավերդյանը:

ՀՀ առաջին ՄԻՊ-ը վստահեցնում է, որ այս նախագիծը հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությանը, այլև միջազգային սկզբունքներին:

«Սա քմահաճույքային, գռեհիկ, կոպիտ ձև է, որովհետև իրենք, կարծես թե, հաշվի չեն առնում, որ դրանով ոչ միայն ոտնահարում են ՀՀ գործող Սահմանադրությունը, ինչը, մենք գիտենք, որ արվում է սիստեմատիկորեն, տվյալ դեպքում խոսքը գնում է 103-րդ հոդվածի 4-րդ մասի մասին, այլև դա ամբողջովին հակասում է միջազգային սկզբունքներին և անկախության այն բոլոր երաշխիքներին, որը պետք է ապահովի երկրի կառավարությունը: Դա արհամարհական վերաբերմունք է ոչ միայն ՀՀ օրենսդրության և Սահմանադրության հանդեպ, այլև միջազգային սկզբունքների, խորհուրդների հանդեպ, որոնք տարբեր տարիների հնչել են, նաև ՀՀ-ում այս տարվա  այն կոչերի վերաբերյալ, որ վերաբերում էր ՄԻՊ-ի օրենսդրական այս կամ այն գործունեությունը խոչընդոտելու փորձերին:

Վենետիկի հանձնաժողովն առնվազն երկու անգամ՝ 2006-ին, 2016-ին, երբ արվում էին այս կամ այն փորձերն ինչ-որ փոփոխություններ անելու, ամեն անգամ նշվում էր, որ ցանկացած փոփոխություն պետք է լինի ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ընդլայնմանը և որակի բարձրացմանը, այսինքն՝ դա վերաբերում էր և՛ ֆինանսավորմանը, և՛ ընդհանուր առմամբ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի մթնոլորտին: Այն, ինչ որ մենք տեսնում ենք, դա փորձ է ոչնչացնել, նսեմացնել, խանգարել այն կանոնավոր աշխատանքը, որը տեղի է ունենում ՀՀ-ում:

Եթե խոսենք ինստիտուցիոնալ մակարդակում, կարելի է ասել, որ դա, երևի թե, միակ հաստատությունն է պետության կողմից ստեղծված, որն աշխատում է նորմալ, դա պարզ է,  ինչպես ասում են, սև թելերով սպիտակի վրա կարված: Ես վրդովված եմ այնչափ, որքան կարող է վրդովված լինել ՀՀ քաղաքացին, որին հերթական անգամ խաբում են:

Խոսքը նրա մասին է, որ օրվա իշխանությունները եկել են ու մինչև հիմա խոսում են իրենց այն աստիճանի ժողովրդավարական լինելու մասին, որ մենք գրեթե օրինակ պետք է դառնայինք աշխարհի համար, ես դա լավ հիշում եմ, բայց տեսնում ենք, որ ոչ թե դա է տեղի ունենում, այլ խիստ հակառակը: Դա ոչ թե քաղաքական շահից է բխում, այլ նեղ խմբակային, տվյալ դեպքում՝ իշխանությունը զավթած խմբի շահերին է ծառայում»,- ասաց Ալավերդյանը:

Նա հույս հայտնեց, որ ԱԺ-ն դեմ կքվեարկի օրենքի այս նախագծին, հակառակ դեպքում ՄԻՊ-ը պետք է դիմի Սահմանադրական դատարան:

«Կարծում եմ, որ եթե այդպիսի գռեհիկ քայլով ինքնաբացահայտվեն այդ «քայլականները», ՄԻՊ-ը կդիմի ՍԴ»,- ասաց Ալավերդյանը:

ՄԻՊ Արման Թաթոյանն իր այսօրվա ասուլիսում հայտնեց, որ Արցախյան պատերազմից հետո իրեն չեն հրավիրում Կառավարության նիստերին, պատճառաբանություն ներկայացված չէ: Լարիսա Ալավերդյանը մեր հարցին, թե իր կարծիքով՝ սա նույնպես պայմանավորվա՞ծ է Արման Թաթոյանի հակաադրբեջանական, հակաթուրքական հայտարարություններով, պատասխանեց.

«Դրանք հակաթուրքական, հակաադրբեջանական չեն, դրանք ճշմարտությանը նվիրված հայտարարություններ են, Թուրքիան և Ադրբեջանը հանցագործություն են գործել, ոչ թե մեկը, այլ մի փունջ, դա խաղաղության դեմ հանցագործություն է, դա մարդկության դեմ, մարդասիրության դեմ և, վերջապես, միջազգային հումանիտար իրավունքի դեմ հանցագործություններ են: Թաթոյանը պարտավոր է դա անել, և նա ուղղակի դա անում է գերազանց, որովհետև այն պրոֆեսիոնալ մակարդակը, որն ունի և՛ ինքը, և՛ իր աշխատակազմը, նախանձելի են, ես կարծում եմ՝ շատ-շատերի համար, մինչև անգամ այլ պետությունների:

Այո, այս նախագիծը դրա համար է, ուղղակի մեր իշխանությունը ոչ թե քարոզում է համերաշխություն Թուրքիայի և Ադրբեջանի հետ, այլ տանում է ուղղակի ենթարկելու Հայաստանը թուրք-ադրբեջանական միությանը, իսկ որ դրանք արդեն միություն են, պետք է կասկած չլինի: Այս առումով ուզում է՝ աշխարհաքաղաքական լինի, ուզում է՝ քաղաքական, ուզում է՝ ուղղակի լինի մարդկային բանականության դաշտում, այն մարդիկ Հայաստանում, և ամեն երկրում այդպիսինները կան, որոնց համար մեկ է, թե ինչպես կապրեն՝ անկախ պետության մե՞ջ, թե՞ այլ ազգի լծի ներքո, նրանք անգամ տոկոս չեն կազմում, չնչին թիվ է:

Հիմա, թե ո՞ւմ առաջադրանքներն են, ի՞նչ պայմաններում են դրանք տեղի ունենում, ես չգիտեմ, բայց, դատելով արդյունքներից, այս իշխանություններն իրականացնում են այնպիսի քաղաքականություն, որն ամբողջովին, կրկնում եմ, ամբողջովին  համապատասխանում է թուրքական և ադրբեջանական ռազմավարական նպատակներին»:

Արման Թաթոյանն իր ասուլիսում նաև նշեց, որ մի շարք օրենքների փոփոխություններ, որոնք պատշաճ կերպով հանրային քննարկման չեն դրվել,  վտանգում են մարդկանց աշխատանքի և կրթության իրավունքը: Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվեցինք, թե իր դիտարկմամբ՝ իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած այս իշխանությունը պաշտպանո՞ւմ է մարդկանց վերոնշյալ իրավունքները:

«Ես աշխատանքային, կրթության իրավունքներով զբաղվում եմ տարիներ շարունակ, և պետք է ասեմ, որ ավելացել է այդ անպաշտպանվածության աստիճանը: Ափսոսում եմ, որովհետև մենք, Հայաստանի տարբեր գիտնական իրավաբաններ, հասարակական կազմակերպություններ տարբեր ժամանակներում փորձել, ջանացել ենք, բայց հիմա ինչպես ջուրն է լցվել 33 տարվա պայքարը, Արցախյան ազատագրական պայքարի արդյունքները, նույն ձևով էլ ջուրն է լցվում այս ոլորտում մեր բոլոր նվաճումները, որ ունեցել ենք:

Հիմա այս փաթեթում, որով հանդես են գալիս, կարելի է անգամ հոդվածներով նշել՝ և՛ «Կրթության մասին» ՀՀ օրենքի նորմն է, և՛ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի նորմերը, և այլն, այո, անշուշտ, խախտվում են մարդկանց իրավունքները: ՄԻՊ-ը ՍԴ է դիմելու ոչ միայն իր հարցով, որովհետև դա իրոք սահմանադրական օրենք է, այլ նաև շատ այլ փոփոխությունների մասով, որովհետև դրանք ուղղակիորեն կոչված են ոտնահարելու, սահմանափակելու անձանց  շատ իրավունքներ»,- ասաց Ալավերդյանը:

Տեսանյութեր

Լրահոս