Տաշիրի ոստիկանները հայտնաբերել են վճարային տերմինալից գողություն արած անձին
Մարտի 12-ին ոստիկանության Տաշիրի բաժին դիմած տղամարդը հաղորդում էր տվել, որ գիշերը, պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով, մտել են Սարչապետ գյուղի համայնքապետարանի վարչական շենք և 2-րդ հարկում գտնվող վճարային տերմինալը կոտրելով՝ գողացել են 50.000 դրամ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Մարտի 13-ին ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, գողության կատարելու կասկածանքով, Սարչապետ գյուղից բաժին բերման է ենթարկվել 25-ամյա մի տղամարդ։ Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ գողությունն ինքն է արել, իսկ գողացված փողը ծախսել է անձնական կարիքների համար:
Վճարային տերմինալի դրամընդունիչը և թղթադրամի պահման համար նախատեսված արկղը, որը տղամարդը նետել էր, հայտնաբերվել և առգրավվել են:
Վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն։