«Ո՞նց եղավ, որ վարչապետի օգնականը և գործող քննիչը կապ հաստատեցին միմյանց հետ և սկսեցին այս քրեական գործով նախաքննությունն ուղղորդել». Ամրամ Մակինյան

Մարտի 10-ին 168.am-ը հրապարակել էր իր էլեկտրոնային հասցեին ստացած սկանդալային տեսանյութերը , որոնցում հստակ երևում է, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։

Փաստեր են հրապարակված մասնավորապես այն բանի վերաբերյալ, որ գործով քննիչ Արթուր Այվազյանը, քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանը էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ են ստանում Աննա Վարդապետյանից կոնկրետ որոշումների վերաբերյալ, ու նույն քննիչ Արթուր Այվազյանը, ըստ տեսանյութերի, Աննա Վարդապետյանին է փոխանցում բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ:

«Այս փաստերը համադրելով՝ մեզ մոտ և ցանկացած մարդու մոտ չի կարող այլ ողջամիտ համոզմունք ձևավորվել, որ կոնկրետ գործերով ուղղորդումները իրականացվում են Փաշինյան Նիկոլի ղեկավարությամբ: Ի՞նչ է ստացվում: Այսինքն՝ բացահայտվել է պաշտոնատար անձանց կողմից կազմակերպված բնույթ կրող ծանրագույն հանցագործություն: Սա մաֆիային բնորոշ, ես այս բառը չեմ խորշի օգտագործել, դրսևորումներ են, որ պատվիրվում են, թե անձանց ինչ մեղադրանքներ առաջադրվեն… Պարզվեց, թե ով է ՀՀ-ում մաֆիա ղեկավարում, և բացահայտվեց»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը:

Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների մյուս փաստաբան Գեորգի Մելիքյանն էլ հիշեցրեց ժողովրդական հայտնի խոսքերից մեկը՝ փոքր-ինչ խմբագրված՝ «գողի ու Նիկոլի օրը 40 օր է, վստահեցրեց, որ այս տեսանյութի բացահայտումը եկել է ապացուցելու, թե ինչքան վատ ուսանող է Նիկոլ Փաշինյանը:

«Նիկոլ Փաշինյանը իր բոլոր ելույթներում, հատկապես, երբ որ նոր վարչապետի պաշտոն էր ստացել, ասում էր, որ նախկինում բոլորը հրահանգները՝ նախաքննության  ընթացքին միջամտող, եղել են նախագահականից, իսկ մենք այսօր փաստ-ապացույցներով ներկայացնում ենք, որ ինքը շատ վատ ուսանող է եղել և շատ վատ դաս է քաղել նախկիններից: Այնքան անտրամաբանական, այնքան անտաղանդ ձևով են իրականացրել իրենց այս ապօրինի միջամտությունները նախաքննական գործընթացին, որ նույնիսկ չեն էլ կարողացել հետքերը մաքրել: Իսկ թող գոնե մեկը ապացույց բերի, որ նախկինների ժամանակ որևէ նախաքննական գործընթացին եղել է ուղղակի նման կարգի ապօրինի միջամտություն: Մեղադրանքի որոշում առնվազն գրի որևէ նախագահի կամ վարչապետի օգնակա՞ն: Չկա նման բան»,- ասաց Գեորգի Մելիքյանը:

Փաստաբան Ամրամ Մակինյանի խոսքով՝ տեսանյութում եղածն ապացուցում է, որ Աննա Վարդապետյանի և քննիչի համագործակցության արդյունքում է  կազմվում անձի՝ որպես մեղադրյալ ներգրավվելու որոշումը:

«Իմ մոտ հարց է առաջանում, թե քննիչը և Աննա Վարդապետյանը ո՞նց են իրար հետ ծանոթացել: Այս հարցի պատասխանը Քննչական կոմիտեի ղեկավարներից եմ ես ակնկալում: Ո՞նց եղավ, որ վարչապետի օգնականը և գործող քննիչը կապ հաստատեցին միմյանց հետ և սկսեցին այս քրեական գործով նախաքննությունը ուղղորդել: Ուղղորդել այնպես, ինչպես իրենք էին ուզում: Ի՞նչ էր անում Գլխավոր դատախազությունը, որն այս գործի օրինականության նկատմամբ հսկողություն է  իրականացնում: Փաստորեն, հսկողությունն ու դատավարական ղեկավարումն այս գործով իրականացրել է Աննա Վարդապետյանը: Ես այս հարցի պատասխանը սպասում եմ: Ու այդ հարցի պատասխանը ես ունենալու եմ, թե ով է կապել քննիչին Աննա Վարդապետյանի հետ, ով է հանձնարարել քննիչին, որ Աննա Վարդապետյանին տրամադրի տեղեկություններ, ով է հանձնարարել քննիչին, որ Աննա Վարդապետյանի կողմից ստացած հանձնարարությունները խելոք կատարի: Այս հարցերի պատասխանները պետք է տա Քննչական կոմիտեի ղեկավարը»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Ըստ փաստաբանի՝ մարտի 10-ին հրապարակումից հետո անմիջապես պետք է քրեական գործ հարուցվեր, խուզարկություններ ու առգրավումներ կատարվեին ՔԿ-ում և Կառավարությունում:

Տեղեկացնենք, որ այսօր ԱԱԾ-ից 168.am-ին հայտնել էին, որ դեռ պաշտոնապես չեն ստացել Դատախազության ուղարկած 168.am-ի հրապարակումն ու այդ առնչությամբ Հայրապետյանների պաշտպան Ամրամ Մակինյանի գրավոր հաղորդումը հանցագործության մասին:

Մակինյանի դիտարկմամբ՝ այս կերպ պայմաններ են ստեղծվում, որ այս ապացույցները Աննա Վարդապետյանն ու քննիչը վերացնեն, ոչնչացնեն: Փաստաբանը նաև վստահություն ունի, թե նմանատիպ տեսանյութերը եզակի չեն, ու հավանական է համարում նմանատիպ այլ տեսանյութերի հրապարակումը ևս:

«Իսկ պատկերացնո՞ւմ ենք մենք՝ Աննա Վարդապետյանի մեյլերում ինչ տեղեկություններ կարող են լինել, ամբողջ քննչական ապարատից, ամբողջ իրավապահից ստացված, խմբագրված, տարբեր քաղաքական գործերով անձանց ներգրավվելու մասին որոշումները: Ես համոզված եմ, որ այդ տեղեկությունները կան: Իսկ ԱԱԾ-ն չի՞ ուզում ինքն էլ տիրապետի այդ տեղեկություններին: Թե՞ ԱԱԾ-ից էլ Աննա Վարդապետյանին ուղարկած մեյլեր կան: Ես համոզված եմ՝ կան: Ես իրավունք ունեմ այդպես մտածելու, որովհետև փաստերը դրա մասին են խոսում: Ինչի՞, Այվազյան Արթուրը միա՞կ քննիչն էր, որ Աննա Վարդապետյանի հետ ուղիղ կապի մեջ էր… Դե, եթե ԱԱԾ-ն շատ սպասի, միգուցե ԱԱԾ մեյլերն է՞լ հրապարակվեն»,- ասաց Մակինյանը՝ հավելելով, որ այստեղ բացառում է Աննա Վարդապետյանի անձնական մոտիվացիան ու համոզված է, որ սա պայմանավորված է  խմբային շահով, իսկ հանձնարարությունը տվել է Նիկոլ Փաշինյանը:

Փաստաբանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ չբացառեց նաև Ռաֆիկ Հայրապետյանի գործով արդեն իսկ գրված դատավճռի առկայությունը: Մակինյանի խոսքով՝ տեսանյութում առկա փաստերը մանրակրկտությամբ նայելիս յուրաքանչյուրը կկարողանա պնդել, որ այս գործով դեռ սկզբում պարզ է եղել, թե ով պետք է քննի գործը, ոնց պետք է քննի: Իսկ այս ամենի արդյունքում քննիչը դարձել է պարզապես ստորագրություն դնող մեկը:

«Ի՞նչ վստահություն մենք ունենք, որ արտահոսքը պայմանավորված է եղել Աննա Վարդապետյանից հոգնելով, որ հոգնում են մարդիկ Աննա Վարդապետյանից: Ես մտածում եմ: Աննա Վարդապետյանից իրոք կարելի է հոգնել, որովհետև այդ մարդիկ հասկանում են, չէ՞՝ մի օր պատասխան են տալու»,- նշեց Ամրամ Մակինյանը:

Փաստաբանը նաև համոզմունք հայտնեց, որ միջազգային իրավապաշտպան կառույցներն այս հարցազրույցը կդիտեն: Նշեց, որ դիմելու է միջազգային իրավապաշտպան կառույցներին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանություններին:

«Ես նաև անակնկալների տեսության սիրահար եմ, ամբողջ ծավալով չեմ բացահայտի, կհամբերենք մի քիչ, թե այս քրեական գործով նախաքննությունը ո՞նց է իրականանում, տանում առաջ, և այդ տեսությունը առաջ տանելով՝ առաջ կգնանք: Բայց մի բան ես ասում եմ կատեգորիկ՝ ոչ մեկին ոչ մի բան չենք խնդրում, իրավապահ մարմիններին է խոսքս ուղղված, թող մտածեն, որ չմասնակցեն այս պրոցեսին՝ այս գործը կոծկելով: Այս գործը կոծկելը անհնար է, բացառված է, ես բացառում եմ: Պատասխան են տալու: Պատասխան են տալու այն բոլոր գործերի համար, որոնք մինչև այսօր արել են, պատվիրել են, տարել են առաջ: Ամեն սկսված բան ավարտ ունի: Երեկ չէ առաջին օրը երեկոյան այդ ավարտը ազդարարվել է»,- նշեց Մակինյանը:

Փաստաբանը նշեց, որ այս փաստերի հիման վրա քրեական գործ պետք է հարուցվի արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, բանկային գաղտնիք հրապարակելու, լիազորությունների անցման հատկանիշներով, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կազմում: Մակինյանի դիտարկմամբ՝ մեղադրյալի աթոռին առնվազն 5 դերակատար պիտի լինեն, որոնցից 3-ի անունը հայտնի է՝ Նիկոլ Փաշինյան, Աննա Վարդապետյան, Արթուր Այվազյան:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս