Վազգեն Սարգսյան 5-Նալբանդյան 104 «անանցանելի» ճանապարհը. ԱԱԾ-ում դեռ չեն ստացել Աննա Վարդապետյանի մասով դատախազության ուղարկած նյութերը

168.amը մի քանի հրապարակումներով անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի կողմից կոնկրետ քրեական գործերին, տվյալ դեպքում՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանն անմիջական մասնակցություն ունենալուն:

Հիշեցնենք, որ 168.am-ն իր էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր էր ստացել, որոնցում հստակ երևում է, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում գործով քննիչին՝ Արթուր Այվազյանին։

Նույն քննիչ Արթուր Այվազյանը, ըստ մեր ներկայացրած տեսանյութերի, էլեկտրոնային նամակագրությամբ Աննա Վարդապետյանին է փոխանցում բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ: Տեսանյութերում նաև կան տարբեր մարդկանց անուններով word (և այլ) փաստաթղթեր, որոնք, ինչպես պարզեցինք, այդ գործով վկաների անուններն են ներառել: Այդ մարդկանց անուններով փաստաթղթերի առկայությունը նախաքննական մարմնի և Նիկոլ Փաշինյանի՝ իրավական գծով խորհրդականի նամակագրության մեջ ողջամիտ հիմք է տալիս ենթադրել, որ պետական պաշտոնատար անձինք համագործակցված կերպով, փաստորեն, «աշխատել են» նաև վկաների հետ:

Երեկ դատախազությունից նախ տեղեկացրեցին, որ մեր ներկայացրած տեսանյութերն ուսումնասիրվում են, ապա ասացին, որ այն արդեն ուղարկել են Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ):

«Նախնական ուսումնասիրությունից հետո դրանք ուղարկվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դրա շրջանակներում հրապարակումներում ներկայացված հանգամանքները ստուգելու նպատակով: Դատախազություն ստացվել էր նաև հանցագործության մասին հաղորդում փաստաբանի կողմից, այն ևս կուղարկվի ԱԱԾ՝ քրեական վարույթի մաս դարձնելու համար»,- ասացին Դատախազությունից:

168.am-ն օրվա ավարտին խիստ հավաստի աղբյուրներից տեղեկություն ստացավ, որ ԱԱԾ-ում քրեական գործը հարուցվելու է ոչ թե Աննա Վարդապետյանի ու քննիչի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու փաստով, ինչը սովորական կլիներ նորմալ, օրինական երկրի պարագայում, այլ Քրեական օրենսգրքի 251 հոդվածով` համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելը։ Այսինքն` սա նշանակում է, որ ոչ թե Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի ու քննիչի դեմ է պրոցես հարուցվելու նրանց կատարած լրջագույն հանցանքի համար, երբ Աննա Վարդապետյանը կոնկրետ ցուցումներ էր տալիս, թե ինչ մեղադրանք առաջադրեն Ռաֆիկ Հայրապետյանին, այլ այն մարդու նկատմամբ, ով կոտրել է համակարգչի գաղտնաբառը ու դուրս է բերել այդ տեղեկատվությունը։

Առավոտյան կապ հաստատեցինք ԱԱԾ լրատվակական կենտրոնի հետ, որտեղից ասացին, որ դեռ պաշտոնապես չեն ստացել Դատախազության ուղարկած 168.am-ի հրապարակումն ու այդ առնչությամբ Հայրապետյանների պաշտպան Ամրամ Մակինյանի գրավոր հաղորդումը հանցագործության մասին:

Հայաստանի իրավապահ մարմիններն ակնհայտորեն ձգձգում են կատարվածին քրեաիրավական գնահատական տալու իրենց օրենսդրական և պաշտոնեական պարտավորությունը՝ թերևս հույս ունենալով մոռացության տալ թեման:

Հակառակ դեպքում Վազգեն Սարգսյան 5-Նալբանդյան 104 հասցեներով առավելագույնը 2 կիլոմետրանոց ճանապարհը կկարողանային մեկ օրում անցնել, հատկապես, եթե խոսքը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից նման սկանդալային հանցագործության:

Տեսանյութեր

Լրահոս