«Ոչ մեկի մատով չեմ կպել». երբ չհերքելով՝ հաստատվում է կատարվածը
168.am-ին հասած տեղեկություններով՝ քիչ առաջ Դանիել Իոաննիսյանը մի խումբ տղաների հետ այցելել է Հանրային կապերի ՊՈԱԿ և խուլիգանական կերպով հարձակվել ՊՈԱԿ-ի աշխատակիցների վրա։
Առավոտյան Ռաֆայել Աֆրիկյանը, որն այժմ աշխատում է վարչապետի աշխատակազմում և «ժամանակին» մտերիմ է եղել Դանիել Իոաննիսյանի հետ, անգամ աշխատել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում, համբերությունը հատած՝ գրառում էր կատարել՝ անդրադառնալով պատերազմի օրերին Դանիել Իոաննիսյանի գործունեությանն առնչվող 2 դրվագի:
«Էս կերպարին երկար ժամանակ չէի անդրադառնում ու չէի պատասխանում իր՝ տարբեր տեղեր իմ մասին խոսացածներին, որովհետև ժամանակին մտերիմ ենք եղել։ Վերջին 2 տարվա ընթացքում ամեն անգամ ներել եմ իր արած ստորությունները, մտքումս ասելով՝ շուն-գել, ընկեր ա եղել ժամանակին։ Բայց ինչպես ասվում է՝ համբերությունը անվերջ չի լինում։
Պատերազմի օրերին այս տղայի հետ երկու դրվագ է հիշվել, որոնց մասին շատ հակիրճ կպատմեմ։ Առաջինը իր քրոջ արկածներն են Ստեփանակերտում, որի մասին պատմել է լրագրող Նաիրի Հոխիկյանը, ինչից հետո սա դատի ա տվել Նաիրիին զրպարտության համար։ Երկրորդ դրվագը պատերազմից վերջին օրերին էր, երբ զինվորականները կատաղած փնտրում էին սրան, որպեսզի «ձեռը գրանատ դնեն»»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Ռաֆայել Աֆրիկյանն ու ներկայացրել երկու դրվագը՝ որպես հետգրություն զգուշացնելով՝ «դեռ այսքանը»։
Ինչպես մեզ տեղեկացրին՝ Դանիել Իոաննիսյանի՝ ՊՈԱԿ այցի պատճառը հենց այդ գրառումն է: Ըստ տեղեկության՝ Իոաննիսյանը մի խումբ տղաների հետ այցելել էր Աֆրիկյանի աշխատավայր՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով, սկսել է հայհոյել և հարվածել Ռաֆայելին և նրա գործընկերներին։ Մեզ նաև փոխանցեցին, որ դեպքը տեղի է ունեցել Օրբելի փողոցում, հետևաբար՝ հնարավորություն կա, որ որոշ տեսախցիկներ ֆիքսած լինեն միջադեպը։
Ստացած տեղեկությունը հաստատելու, հերքելու, կատարված մասին մեկնաբանություն ստանալու համար 168.am-ը կապ հաստատեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի հետ: Վերջինս չհերքեց այսօր Հանրային կապերի ՊՈԱԿ այցի ու Ռաֆայել Աֆրիկյանի հետ հանդիպման մասին, բայց բացառեց որևէ մեկին անգամ մատով կպչելու փաստը:
«Ի՞նչ ենք արել, ի՜նչ ենք արել»,- հարցը լսելով՝ զարմացած արձագանքեց Դանիել Իոաննիսյանը:
– Տեղեկություն ենք ստացել, որ մի խումբ երիտասարդների հետ գնացել եք Հանրային կապերի ՊՈԱԿ ու հարձակվել այնտեղի աշխատակիցներից մեկի՝ Ռաֆայել Աֆրիկյանի ու նրա աշխատասենյակում գտնվող մյուս աշխատակիցների վրա:
– Ի՞նչ ենք արել, ի՜նչ ենք արել, իիիի՜նչ ենք արել:
– Դուք մի խումբ անձանց՝ տղաների հետ, այցելել եք Հանրային կապերի ՊՈԱԿ ու հարձակվել Ռաֆայել Աֆրիկյանի և մի խումբ այլ աշխատակիցների վրա:
– Չէ, չէ, չէ, չէ….
– Պատճառը նշվում է վերջինիս (Ռաֆայել Աֆրիկյանի) ֆեյսբուքյան էջում կատարած գրառումը:
– Ես ոչ մեկի վրա չեմ հարձակվել:
– Նշվում է նաև, որ դեպքն Օրբելի փողոցում է եղել, ու տեսախցիկները ֆիքսած կլինեն միջադեպը: Դուք բացառո՞ւմ եք, որ նման բան եղել է:
– Ես ոչ մեկի վրա չեմ հարձակվել:
– Իսկ ՊՈԱԿ այսօր այցելե՞լ եք, պարոն Իոաննիսյան:
– Ես ոչ մեկի վրա չեմ հարձակվել, ես… անհեթեթություն է: Ես ոչ մեկի վրա չեմ հարձակվել, ոչ մեկի մատով չեմ կպել, ոչ մեկն ինձ մատով չի կպել: Դա Ձեզ բավարարո՞ղ պատասխան է:
– Այդ մասով՝ այո: Իսկ ՊՈԱԿ այսօր այցելե՞լ եք, պարոն Իոաննիսյան:
– Ես տարբեր առիթներով տարբեր տեղեր այցելում եմ:
– Հանդիպում ունեցե՞լ եք այսօր Ռաֆայել ԱՖրիկյանի հետ:
– Ես տարբեր առիթներով տարբեր մարդկանց հետ հանդիպում եմ:
– Իսկ ի՞ր հետ, պարոն Իոաննիսյան: «Այո» կամ «ոչ»՝ կուզեի լսել Ձեզնից: Այսօր հանդիպում ունեցե՞լ եք:
– Դա էական չի, դա էական չի: Դուք հարցրեցիք՝ կապված չգիտեմ՝ հարձակվելու կամ ինչ-որ տենց բանի հետ, նման բան չի եղել:
– Իսկ հանդիպմա՞ն մասով: Ձեզնից կուզեի նաև այդ հարցին հստակ՝ «այո» կամ «ոչ» պատասխան ստանալ:
– Ինչի՞ վերաբերյալ:
– Այսօր Ռաֆայել Աֆրիկյանին հետ Հանրային կապերի ՊՈԱԿ-ում հանդիպում ունեցե՞լ եք, թե՞ ոչ:
– Նորից եմ ասում՝ տարբեր առիթներով տարբեր մարդկանց հետ հանդիպում եմ, այդ թվում՝ մարդկանց հետ, ովքեր երբեմն իմ մասին ակնհայտ սուտ տեղեկություններ են գրում: Բայց ինձ թվում է, որ նման հրապարակումներով, նկատի ունեմ՝ սուտ հրապարակումներով, պետք է զբաղվեն պատկան մարմինները:
– Այդուհանդերձ, այդ հարցի վերաբերյալ Ձեզնից հաստատող կամ հերքող պատասխան չստացա, պարոն Իոաննիսյան:
– Այո:
– Ձեր պատասխանը ենթադրությունների տեղիք կարող է տալ:
– Ի՞նչ ասեմ, ենթադրություններ ենթադրեք: Ամեն դեպքում ես միարժեք… Դուք պնդեցիք… հիմա հասկանո՞ւմ եք՝ Դուք ինձ կարող եք հարցնել, թե ես էլ ում հետ եմ այսօր հանդիպել, իմ մեկնաբանությունը սրա հետ կապված հետևյալն է:
– Ես մյուսների հետ հանդիպման վերաբերյալ Ձեզ հարց չեմ ուղղում: ԻՆձ հետաքրքիր է՝ Ռաֆայել Աֆրիկյանի հետ…
– Դուք կարող եք հարցնել՝ ես այսօր էս մարդու հետ հանդիպե՞լ եմ, թե՞ չէ, էն մարդու հետ հանդիպե՞լ եմ, թե՞ չէ, էս մարդու հետ էսինչ բանը խոսացե՞լ եմ, թե՞ չէ, էն մարդու հետ… Ես հիմա, կներեք, չեմ դնելու իմ բոլոր հանդիպումները Ձեզ ասեմ, կամ որ հարցնեք, չեմ սկսելու Ձեզ պատմել՝ ում հետ եմ հանդիպել կամ ինչ եմ խոսել, բայց ես, որ Դուք ասեցիք ամենասկզբից՝ հարձակվել, նման բան չի եղել, ես ոչ մեկի վրա չեմ հարձակվել… ոչ մեկն իմ վրա չի հարձակվել, ես ոչ մեկի մատով չեմ կպել, ոչ մեկն ինձ մատով չի կպել:
– Այդուհանդերձ, դուք չեք հերքում, որ եղել եք այսօր ՊՈԱԿ-ում և հանդիպում եք ունեցել Ռաֆայել Աֆրիկյանի հետ:
– Ոչ հաստատում եմ, ոչ հերքում եմ:
– Շատ լավ, պարոն Իոաննիսյան:
– Բայց իմ մեկնաբանությունն այն մասով, որ ես ոչ մեկի վրա չեմ հարձակվել և ոչ մեկի մատով չեմ կպել և ոչ մեկն ինձ մատով չի կպել, դա միարժեք է: Դա խնդրում եմ անպայման Ձեր նյութում դնել, որ չստացվի, որ ես էդ հարցից խուսափել եմ: Էդ հարցից ես չեմ խուսափել: