«Ալիևը սպառնում է պատերազմով, Ալիևը պատրաստվում է պատերազմի, իսկ Հայաստանի իշխանությունները, կներեք, խոտ են արածում». Ռազմական փորձագետ

Այս տարի արդեն երրորդ անգամ է Ադրբեջանն առանձին կամ Թուրքիայի հետ համատեղ  իրականացնում  զորավարժություններ։ Երրորդ զորավարժությունն Ադրբեջանը կիրականացնի մարտի 15-18-ն ընկած ժամանակահատվածում։ Ըստ տարածված հաղորդագրության, զորավարժությունների ընթացքում, որոնք անցկացվելու են բարդ ռելիեֆով լեռնաանտառային տարածքներում, ռազմական փորձը հաշվի առնելով` հիմնականում ուշադրություն է դարձվելու զորքերի կառավարմանը, նրանց մարտական պատրաստության վիճակի հասցնելուն և վերախմբավորմանը, այդ թվում նաև՝ բարելավելով մարտական համակարգումը և փոխազդեցությունը համակցված զինված կազմավորումների, հրթիռային և հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ջոկատների միջև:

Հայկական կողմն ի՞նչ կարող է սպասել այդ զորավարժություններից, որո՞նք են դրանց նպատակները, ի հակադրումն այդ զորավարժությունների, հայկական կողմն ի՞նչ է անում, և առհասարակ այդ զորավարժությունները կարելի՞ է  դիտարկել Ադրբեջանի նախագահի այն հայտարարության համատեքստում, որ Ադրբեջանը Հայաստանին ստիպելու է կատարել ստանձնած պարտավորությունները։

Այս հարցերը 168.amն ուղղեց ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանին։

«Այս հարցը մեկ տարով ուշացած է, որովհետև հարցը, թե ի՞նչ է  անում հայկական կողմը, կամ ի՞նչ պետք է աներ, այդ հարցերն ակտուալ էին պատերազմից առաջ, նույնիսկ ամառվանից առաջ։ Այս պահին մենք ակնհայտ տեսնում ենք, որ հայկական կողմը՝ ի դեմս իշխանությունն ուզուրպացրած խմբակի, զբաղված է միայն Նիկոլ Փաշինյանի անձնական իշխանությունն ամրապնդելով։ Ըստ այդմ էլ  հիմա խոսել ռազմական, ռազմավարական հարցերից, անիմաստ է։ Այսօր մեր պետությունն անտերության է մատնված, ներառյալ՝ զինված ուժերը։ Երկրի իշխանությունները պատերազմում են բանակի, անվտանգային համակարգի դեմ և պատերազմում են հայ ժողովրդի դեմ։ Այնպես որ, եկեք ես շատ չխոսեմ»,- նշեց Կարեն Վրթանեսյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ, եթե այդ զորավարժությունները դիտարկենք Ալիևի ռազմատենչ հայտարարությունների համատեքստում՝ ուղղված Հայաստանին ու Արցախին, ապա «Ալիևը սպառնում է պատերազմով, Ալիևը պատրաստվում է պատերազմի»։

«Իսկ Հայաստանի իշխանությունները, կներեք արտահայտությանս համար՝ խոտ են արածում, և այս տեմպերով մեր երկիրը դատապարտված է։ Կարելի է ասել, որ մենք այլևս Զինված ուժեր չունենք, շուտով պետություն էլ չենք ունենա, այսքան բան»,- եզրափակեց Կարեն Վրթանեսյանը։

Տեսանյութեր

Լրահոս