Իրենք երկուսով սև գործն արել են, հիմա ինչ-որ քննարկումների՞ են մեզ տանում․ Իշխան Սաղաթելյան

«Ինձ մոտ տպավորություն է, որ իրենք երկուսով սև գործն արել են, հիմա ինչ-որ քննարկումների՞ են մեզ տանում»,- Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նախագահի հանդիպման հրավերին այսպես արձագանքեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ Նա հավելեց՝ իր անունից է կարծիք հայտնում, քանի որ դեռ չի խոսել գործընկերների հետ։

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգողը վստահեցրեց՝ իրենք քաղաքական հարցերում, հանդիպումներում կոմպլեքս չունեն, սակայն  կարևորում են օրակարգը՝ թե ինչի մասին պետք է խոսեն․ «Եթե Արմեն Սարգսյանը Նիկոլին հրավիրել է՝ քննարկենք իր հեռացման ճանապարհային քարտեզը, այդ օրակարգով կարելի է խոսել, բայց եթե ինչ-որ հերթական կապիկության համար քննարկումներ են, մենք էդտեղ չկանք»։

Առաջին նախագահի հայտարարությանը անդրադառնալով՝ՀՅԴ ԳՄ անդամը նշեց․ «Խոսքն այն նախագահի մասին է, ով  հրապարակում գոռում էր՝ Գագիկ, արի, Մանվել, արի՞, էկե՛ք․․․ զինվորականներին կոչ էր անում, հիմա էդ էլի սկսեց հրեշտակի թևեր հագնել Նիկոլի գաղափարական հայրը, էն անձը, ով տարիներ շարունակ մեր երկրում քարոզում էր՝ պետք է տանք, որ լավ ապրենք։ Էս ամեն ինչը, կարծեմ, իր սրտով է։

Երբ որևէ մեկը քաղաքական հայտարարություն է անում, այդ թվում, ցավոք, Առաջին նախագահը,  պետք է տեսնենք՝ ինքն իր անցյալում այդ հայտարարություններին հավատարիմ եղե՞լ է և այդպե՞ս է գործել, թե՞ Նիկոլին ճահճից հանելու հերթական փորձերն է անում»։

Հիշեցնենք՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյանը հայտարարությամբ անդրադարձել էր ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի որոշմանը՝ իր պաշտոնանկության խնդիրն իրավական ճանապարհով վիճարկելու հարցին և երկրում ստեղծված իրավիճակին․ «Եվս մեկ անգամ գնահատելով բանակի զսպվածությունը՝ ընդդիմության կողմից իրեն քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ճնշումների նկատմամբ, ես միաժամանակ ողջունում եմ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի որոշումը՝ իր պաշտոնանկության խնդիրը իրավական ճանապարհով վիճարկելու հարցում։

Ուզում եմ ընդգծել նաև, որ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի բուն և միակ պատճառը երկիրը ղեկավարելու իր առաքելության մեջ լիովին ձախողած և մեր ժողովրդին ստորացուցիչ պարտության մատնած անձի հիվանդագին կառչածությունն է սեփական աթոռին, ինչը հղի է մեզ վիճակված նորանոր և շատ ավելի ցավալի վտանգներով։

Դրանով հանդերձ, արդեն քանիերորդ անգամ հարկադրված եմ կրկնել, որ իշխանափոխության հարցը պետք է լուծվի բացառապես սահմանադրական ճանապարհով, ինչի նախապայմանը իշխանության և ընդդիմության միջև փոխզիջման անհապաղ կայացումն է։ Դրա հնարավորությունը դեռևս սպառված չեմ համարում, քանի որ հակառակ իր կոշտ հռետորաբանությանը, ընդդիմությունն առայժմ կարմիր գծերը չի հատել։ Սահմանադրական ճանապարհից շեղվելու պարագայում Հայաստանն այլևս երբեք նորմալ և արժանապատիվ պետություն դառնալու հնարավորություն չի ունենա»։

Հիշեցնենք նաև՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր համատեղ հանդիպման առաջարկով է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է․ «Խնդիրները շատ են, դրանց լուծումը պահանջում է նաև հրատապ և համակարգային փոփոխություններ, այդ թվում՝ սահմանադրական և օրենսդրական:

Թե՛ իշխանությունը, թե՛ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը բազմիցս արտահայտել են իրենց դիրքորոշումները: Սակայն, բացակայում են փոխըմբռնումը և միմյանց ընդառաջ գնալու ցանկությունը: Ավելին, հաճախակի են դարձել անհանդուրժողականության կոչերը: Ստեղծված պայմաններում իմ միակ նպատակը եղել և մնում է երկիրը ցնցումներից զերծ պահելը և կանխելն այնպիսի իրավիճակի ստեղծումը, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Պետության և ժողովրդի շահերից ելնելով՝ իրավիճակի հանգուցալուծումն այլևս անհետաձգելի և հրամայական պահանջ է:

Առաջնորդվելով համապետական ու համազգային շահերով՝ առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով Հանրապետության վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին ս/թ մարտի 13-ին ժ. 12:00-ին հրավիրում եմ հանդիպման նախագահական նստավայրում:

Վերահաստատում եմ համոզմունքս, որ տարաձայնությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն ու երկխոսությունն են, իսկ Հայաստանի և Արցախի զարգացման միակ ճանապարհը՝ բոլորիս և յուրաքանչյուրիս ջանքերի ու հնարավորությունների համախմբումը»:

Հանրապետության նախագահի աշխատակազմն ակնկալում է մինչև ս/թ մարտի 11-ի ժամը 18:00-ն հրավիրյալներից արձագանք ստանալ հանդիպման մասնակցության վերաբերյալ»:

 

Տեսանյութեր

Լրահոս